211652_close_icon

Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում վերջին 1 ամսվա կարևորագույն երկու ձեռքբերումները

views-count2561 դիտում article-date 14:02 02-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2016թ. նոյեմբերին ամփոփվել է տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, պարզվել են չընդգրկվելու պատճառները: ՀՀ վարչապետի հանձնարարականն ապահովելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը արդեն իսկ համապատասխան առաջարկություններ է ներկայացրել ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրում ապահովելու համար։ Հանրապետության բոլոր համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու՝ նախարարության ծրագիրը պատրաստ է և ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը: Լուծման տարբերակներից հատկապես որի՞ն կառավարությունը նախապատվություն կտա, պարզ կլինի առաջիկայում: Կարևոր էր, որ տարիներ շարունակ առկա այս խնդրի ամբողջական լուծման ուղղությամբ առաջին անգամ, ըստ էության, քայլ արվեց ուղևոր-փոխադրող-տարածքային կառավարման մարմին ձևաչափով հստակեցնել պատճառները, խոչընդոտները, գնահատել հնարավորությունները և ամբողջական լուծումներ առաջարկել հիմնականում ուղևորահոսքի պակասով պայմանավորված ոչ եկամտաբեր երթուղիները ուղևորներին վերստին ծառայեցնելու ուղղությամբ: Առաջարկվում է տեխնիկական զննությունն անցկացնել առանց կտրոնների 2016թ. նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։ Նիստում, ըստ էության, փորձ արվեց համակողմանի ուսումնասիրությունների և շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների համադրման արդյունքում որոշակի իմաստով վերջնական լուծում տալ արդեն մի քանի տարի բազմաթիվ կողմ և դեմ կարծիքների պատճառ դարձած խնդրի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման կարգին: Թեև գործընթացի վերջնական կարգավորման դեղատոմսի մասին այս պահին դեռևս վաղ է խոսել, սակայն այս դեպքում ևս աշխատանքային խումբը բավական ուշագրավ եզրակացություն ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին: Այսպիսով՝ աշխատանքային խումբն առաջարկում է. 1) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման: 2) Տեխնիկական զննության հաշվառումն իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ հավաքագրված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Աշխատանքային խմբի քննարկումների տիրույթից դուրս չմնաց ևս մեկ կարևորագույն հարց, որի մասին պարբերաբար անհանգստություն են հայտնում թե՛ ԶԼՄ-ները և թե՛ որոշ հասարակական կազմակերպություններ: Խոսքը սոսկ ձևականորեն տեխնիկական զննություն անցկացնելու գործունեության մասին է, ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս երևույթը կանխելու նպատակով աշխատանքային խումբը առաջարկում է սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ՝ տրանսպորտի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ բազմակողմանի աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր