ՀՀ-ում Լիտվայի դեսպանն այցելեց ԱԻ նախարարություն
Դեկտեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում էր ՀՀ-ում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում էին Լիտվայի պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեքսան, Միջազգային հարաբերությունների և գործողությունների խորհրդական Աստա Սիդլավսկին և Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում Լիտվայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Վիտատուս Ռակաուսկասը:
Հյուրերի այցը կրում էր ճանաչողական բնույթ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացան «911» ծառայության աշխատանքներին:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը ներկայացրեց կենտրոնի աշխատանքներն ու հիմնական գործառույթները:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ներկաներին ուղեկցեց նաև ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոն, որը նախագծվել և կառուցվել է անվտանգության և սեյսմակայության բարձր պահանջներին համապատասխան:
Դեսպան Պետրիկասը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ առանձնահատուկ շնորհակալություն ուղղելով փրկարարներին, ովքեր արագ արձագանքել են և ձնաբքից դուրս բերել դեսպանատան աշխատակցին: