211652_close_icon
views-count3548 դիտում article-date 16:09 29-11-2016

«Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր»․ Լևոն Շանթ

Լևոն Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890–ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք։ Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»–ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»–ում։ Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։ Շանթը նաև Նիցշեի գաղափարների կրող է։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիցշեի անհատապաշտական սկզբունքները և Գերմարդու գաղափարը, որոնց լրացնում էին Հ. Ւբսենն իր թատերգություններով և Ռ. Վագներն իր երաժշտությամբ։ Ու չնայած Շանթի աշխարհայացքի վրա շատ են եղել ազդեցությունները, այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը բխում է կյանքից, նա ձգտում է ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների։ Նա համոզված էր, որ մասնավորապես հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել՝ ազատվելով ավելորդ նախապաշարումներից։ Ըստ Շանթի՝ մարդը պետք է ազատվի իր ներքին թշնամուց, այսինքն՝ իր թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի ինքնակատարելագործման։ Նրա համար «մարդը մտածող եղեգ մըն է», ինչի շնորհիվ էլ ունի բանականություն ու նպատակասլաց գործունեություն, որոնք նրան ուղղորդում են դեպի կատարելության անվերջ ճանապարհը։

Նմանատիպ նյութեր