211652_close_icon
views-count1592 դիտում article-date 20:27 24-11-2016

Մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին սպանելու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել շարքային Ա.Ներսեսյանին: Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի ժամանակ մարտական դիրքում՝ միևնույն հերթափոխում, որպես դիտորդներ հերթապահել են շարքայիններ Ա.Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը։ Վերջինիս՝ դիտակետում քնելու պատճառով նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել են նաև հայհոյանքներ։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից իրեն ստորացված զգալով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ա.Բալեյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել Ա.Բալեյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով գագաթաճակատային հատվածի, գանգոսկրի վնասումով միջանցիկ հրազենային, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր