Հռիփսիմե Խուրշուդյան. Չեմ ցանկանում, սակայն ստիպված եմ վերադարձնել մեդալս
Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն փաստին, որ օրեր առաջ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն պահանջել էր ՀԱՕԿ-ից որքան հնարավոր է շուտ վերադարձնել 29-ամյա մարզուհու մեդալը` կապված նրա արյան մեջ դոպինգ հայտնաբերելու հետ, հայտնում է Armsport.am-ը:
«Շարունակելու եմ մարզվել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն որակազրկման ժամկետները: Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի. եթե որակազրկումը խելամիտ ժամկետով լինի, ապա կշարունակեմ ելույթներս, եթե ոչ, ապա կավարտեմ կարիերաս: Եթե իմ որոշումը լիներ, ապա չէի վերադարձնի մեդալը, սակայն եթե օրենքը պարտադրում է, պարտավոր եմ անել դա:
Անկեղծ լինելու համար կասեմ, որ այսօր ծանրամարտում բոլորն էլ օգտագործում են ինչ-որ նյութեր: Եթե բոլորը «մաքուր» լինեն, նրանց հավասար արդյունքներ ցույց կտամ:
Ցավում եմ, որ լրագրողները միայն վատ լուրեր են տարածում: Երեկ այնպիսի վերնագիր կարդացի, ինչից հետո մտածեցի, որ մահացել եմ: Պետք չէ նման բաներ գրել»: