211652_close_icon
views-count1768 դիտում article-date 16:13 23-11-2016

Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող ԿԳ նախարարի տեղակալը Մ. Մկրտչյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ղեկավարները, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները: Ներկայացնելով հանդիպման նպատակը՝ ԿԳ նախարարը նշել է, որ հանրապետության վարչապետի կողմից տրված հատուկ հանձնարականով վերջին մեկուկես ամսվա ընթացքում նախարարության կողմից կազմակերպվել են տեսադասեր, որոնք իրականացվել են Երևանի, մարզկենտրոնների և գյուղական դպրոցների մասնակցությամբ. «Մենք սկսել ենք հեռավար կրթության մեթոդաբանության փորձարկումը. յուրաքանչյուր շաբաթ տարբեր տեխնիկական մեթոդների օգտագործմամբ փորձել ենք ճշգրտել մեթոդաբանության ձևաչափերը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք էլեկտրոնային կրթության տարրերը ներմուծել առարկայական կրթական ծրագրերի մեջ: Վաղուց արդեն էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել, այն մեր օրերում դասավանդման մեթոդ է՝ շատ դինամիկ և արագ զարգացող: Այստեղ հավաքված են հեռավար ուսուցման կազմակերպման առաջավոր փորձ ունեցող լավագույն կրթական հաստատությունների տնօրենները և ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր և մասնագիտական հիմնավոր առաջարկություններ»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ գալիք սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և կիրառելի ուսուցման մեթոդ: ԿԳ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը դասավանդման մեջ ՏՀՏ գործիքների կիրառման տարածականության ապահովումն է, քանի որ հանրապետությունում գործող ավելի քան 1400 դպրոցները կրթության որակի և տեխնոլոգիական հագեցվածության առումով տարբեր մակարդակների վրա են գտնվում, հետևաբար առաջատար դպրոցներն իրենց վրա պետք է վերցնեն լոկոմոտիվի դերը: «Որպես առաջին քայլ պետք է ստեղծենք էլեկտրոնային հարթակ տարբեր առարկաների համար՝ օգտագործելով առաջատար դպրոցներում կուտակված ռեսուրսները: Երկրորդը՝ պետք է հասնենք այն նպատակին, որ բոլոր ուսուցիչները, լիարժեք կարողանալով օգտվել էլեկտրոնային այդ պաշարներից, կիրառեն դրանք դասավանդման պրոցեսում: Շատ կարևոր է. որ այս համակարգի ներդրումը արդյունավետության տեսանկյունից լինի չափելի, հետևաբար այդ նպատակով պետք է ամբողջությամբ վերանայել ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությունը և ծրագրերը»,- նշել է ԿԳ նախարարը: Այդ համատեքստում կարևորվել է այն հանգանքը, որ Համաշխարհային բանկի կրթության ոլորտի վարկային ծրագրի շրջանակում իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման կարիքի գնահատում և այդ նպատակով հայտարարված մրցույթում արդեն ընտրվել է հաղթող միջազգային կազմակերպություն: Խորհրդակցության ընթացքում ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է հանրակրթության դպրոցներում իրականացված էլեկտրոնային հագեցվածության գնահատման ուսումնասիրության արդյուքները, որոնք հրապարկվել են http://lib.armedu.am/category/191/date_created/desc կայքում: Ըստ այդմ՝ Հայաստանի դպրոցներում այս պահին առկա է շուրջ 20 հազար միավոր համակարգիչ, որոնցից մոտ 20 տոկոսը բարոյապես հին են և չեն համապատասխանում այսօրվա տեխնոլոգիական պահանջներին: ԿՏԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառման մոտիվացիան շատ ցածր է գնահատվում: Հեռահաղորդակցության մեթոդները դասերի ժամանակ ակտիվորեն կիրառում են ընդհանուր առմամբ 500-600 ուսուցիչ, չնայած որ գործում է «Պաշարների շտեմարան» կայքը, որը պարունակում է շուրջ 5600 էլեկտրոնային պաշար: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է «Այբ», ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ, «Քվանտ», «Ֆոտոն» /Գյումրի/, «Էվրիկա» /Վանաձոր/, Երևանի թիվ 198 ավագ դպրոցներում կիրառվող փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել ՏՀՏ ընկերությունների կողմից առաջարկվող մի քանի նոր գործիքների մեթոդական կիրառմանը: Մասնակիցներն արձանագրել են, որ ՏՀՏ գործիքները փոփոխվում են շատ արագ և հետևաբար դրանց անընդհատ կատարելագործումն ու համապատասխան մասնագետների վերապատրաստումը դառնում են ուսումնական գործընթացի պարտադիր բաղադրիչ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հիմնական նպատակը մեկն է՝ ուսուցիչներին սովորեցնել, թե ինչպես կարող են ՏՀՏ գործիքի կիրառմամբ ուսումնական նյութ ստանալ: Հանձնարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը երկշաբաթյա ժամկետում կներկայցնի ՀՀ դպրոցներում մինչև սեպտեմբեր էլեկտրոնային կրթություն ներդնելու միջոցառումների ժամանակացույց:

Նմանատիպ նյութեր