1604 դիտում
19:45 22-06-2016
Մեր խնդիրն է ամրապնդել գիտություն-կրթություն-բիզնես կապը. Լևոն Մկրտչյան
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ: Նախարարը շրջայց է կատարել ուսումնական դեպարտամենտում, որտեղ այդ պահին ընթանում էր բակալավրական կուրսում սովորողների դասապրոցեսը: Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում հիմնականում ընդգրկված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի և այլ բուհերի ՏՏ ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներ:
Նրանք բուհին զուգահեռ մրցութային կարգով ընդունվել և սովորում են ընկերության ուսումնական կենտրոնում, որը բուհական բազային կրթությանը համընթաց նրանց համար լրացուցիչ կրթություն է և նպաստավոր կլինի բարձրակարգ ՏՏ մասնագետ դառնալու հարցում: Նրանցից ոմանք արդեն աշխատում են Սինոփսիս Արմենիա ընկերությունում: Նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել ուսումնական ծրագրերի բովանդակության և երիտասարդների ապագա մտադրությունների մասին:
Նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների և տարբեր ոլորտներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների համագործակցությունը՝ շեշտելով, որ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու այլ ճանապարհ չկա. «Մենք պետք է հասկանանք, թե տնտեսությունն ինչ խնդիրներ է դնում կրթական համակարգի առջև. մենք ձևավորում ենք պարզ ու ընթացիկ տեխնոլոգիաների՞ վրա հիմնված կրթակարգ, թե՞ մեր կրթական համակարգն իր մեջ պետք է ներուժ ունենա լուծելու խորը ինժեներական և գիտական հարցեր: Հատկապես եթե մենք ընտրում ենք երկրորդ ճանապարհը, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք բազային կրթության որակին: Մասնավոր տնտեսվարողները, որպես կանոն իրենց գործընկեր բուհերն ընտրելիս, հիմնվում են առաջին հերթին բազային կրթության արդյունքների վրա: Կոնկրետ Սինոփսիսի դեպքում մենք գործ ունենք միջազգային ճանաչում ունեցող ընկերության հետ, որն երբեք իրեն թույլ չի տա իր բիզնեսի քաղաքականությունը կառուցել ոչ որակյալ կրթական արդյունքի վրա: Մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի գիտություն-կրթություն-բիզնես կապն ամրապնդվի և բուհերի ու տնտեսվարողների համագործակցության կոնկրետ օրինակներն ավելի ու ավելի շատանան, դրանք, ցավոք, այսօր քիչ են,- նշել է Լ. Մկրտչյանը և շարունակել,- Մենք խրախուսում ենք մասնավոր ընկերություններում գիտակրթական կլաստերների ստեղծումն ոչ միայն բուհական, այլև ավելի ցածր կրթական մակարդակներում՝ դպրոցում և միջին մասնագիտական հաստատություններում»:
ԿԳ նախարարը հավելել է, որ բուհերն ու պետությունը չեն կարող ամբողջությամբ իրենց վրա վերցնել տեխնոլոգիական կրթության ապահովման խնդիրը, քանի որ դրա համար առկա ռեսուրսները բավարար չեն: Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ տնտեսվարողներն ևս զգում են կրթական համակարգի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
ՏՏ ոլորոտում առկա կադրային մեծ պահանջարկը, մասնավորապես 4000 մասնագետի պահանջարկի խնդիրը, ԿԳ նախարարի համոզմամբ կարող է լուծվել երկու ճանապարհով՝ շուկայի ընթացիկ պահանջարկը, որտեղ նախատեսվում է հիմնականում աշխատել տեխնոլոգիաներով, կարող է լրացվել նաև միջին մասնագիտական համակարգի կադրային ռեսուրսով: Այն կլուծի նաև սոցիալական խնդիր՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի բարձր վարձատրությունը: Առավել բարձրակարգ մասնագետների պատրաստման խնդիրը, որտեղ մենք ունենք գիտական ակնկալիքներ պետք է լուծեն առաջատար բուհերը. «Խոսքն այս դեպքում շատ բարձր որակի մասին է, որովհետև որակը դառնում է նաև թելադրող աշխատաշուկայի համար: Այդ տեսանկյունից մենք, բացի աշխատաշուկայի ընթացիկ խնդիրները լուծելուց, կարևորում ենք նաև խորքային և երկարատև համագործակցությունը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարին ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմանները:
Այցի ավարտին ԿԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվել են կրթական համակարգի և ՏՏ ընկերությունների համագործակցությանն առնչվող գործնական հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
781 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»