211652_close_icon

Երևանում կանցկացվի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 10-րդ հանրապետական փառատոնը

views-count2503 դիտում article-date 21:36 22-11-2016
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը` ս. թ. նոյեմբերի 22-25-ը, Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 10-րդ հանրապետական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 10-րդ հանրապետական փառատոնին այս տարի կմասնակցեն 7 բեմադրիչ` Երևանից և Գյումրիից: Երևանյան 7 բեմահարթակներում կցուցադրվեն Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը» և «Վհուկը», Գոռ Մարգարյանի «Մնաց 7 օր», Կարո Բալյանի «Չմարդիկ» և «Դեպի տուն», Նորա Գրիգորյանի «Խնջույք ամառանոցում», Ռաֆայել Ասատրյանի «Սիրային խաղեր», Տաթև Մելքոնյանի «Я ЗдесЪ», Ալլա Բունիաթյանի «Կալիգուլա» խաղը» ներկայացումները: Փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ: Փորձագետները կընտրեն ներկայացում` Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցելու համար: Ֆորումը կանցկացվի 2017 թվականի ամռանը` Ալմաթի քաղաքում (Ղազախստան): Նշենք, որ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին, Հայաստանի թատերական գործիչների միության կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործերը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև պատկերացում կազմել արդի թատրոնի երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին: Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնին ներկայացվում են այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի է ունենում քննարկում, որի շրջանակում ճանաչված թատերագետների կողքին իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն են ունենում Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի թատերագիտական բաժնի ուսանողները:

Նմանատիպ նյութեր