211652_close_icon
views-count11705 դիտում article-date 22:30 26-04-2018

Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 28-ից մայիսի 2-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնը: Փառատոնի բացման արարողությունը կկայանա ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» մոնոներկայացումով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին /ԱՄՆ, Հայաստան/: «Արմմոնո-2018» փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոպար, մոնոdoc և այլն /Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Իսրայել, Լեհաստան, ԱՄՆ, Իսպանիա, Պորտուգալիա/: Բացի հիմնական ծրագրից կանցկացվեն նաև հետևյալ ծրագրերը՝ «Արմմոնո-Տրիումֆ». կցուցադրվեն 2016-2017 թթ. հաջողություն ունեցած ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի, Ելենա Դուդիչի և Նվարդ Դուդուկչյանի մոնոներկայացումները: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում կցուցադրվեն առաջին քայլեր անող դերակատարների ու բեմադրիչների աշխատանքներ: «Մեկ հեղինակի թատրոն» ծրագրում կցուցադրվեն դրամատուրգ Նինա Մազուրի գործերից՝ «Համլետի երազները» /դերակատար՝ Ալեքսանդր Ալադիշև/, «Էդիտ Պիաֆ» /դերակատար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Ջապագովա/: Առանցքային երկու նախագծերն են. ◆ «Փարաջանով. Կյանքի տոն» մոնոներկայացումը: Դերակատար՝ Սերխիո Նովո /«ABREGO» (Իսպանիա) թատրոնի, «AGTA» (Պորտուգալիա) պրոդյուսերական կենտրոնի և «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծ/: ◆ «Անտիգոնեի սիրտը» մոնոներկայացումը: Դերակատար՝ Մարիա Վիդալ /Իսպանիա, Չիլի, Արգենտինա համատեղ նախագիծ/: Փառատոնի նշանավոր ներկայացումներն են Կոտե Մարջանիշվիլու անվան պետական մրցանակի դափնեկիր, Բարեկամության շքանշանի ասպետ Իրինա Մեգվինետուխուցեսի /Վրաստան/ «Դեղին հրեշտակը» և երգիչ, դերասան և շոումեն Բրեմներ Դյութի Ֆլետչեր /ԱՄՆ/ «Գլխապատառ» մոնոներկայացումները: Փառատոնին ներկա կլինեն մրջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, դրամատուրգներ, թատերագետներ և փորձագետներ: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի մոնոթատրոնի զարգացման նոր ուղղություններին: Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացման ցուցադրությունը Գորիսում` «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Ներկայացումների մուտքն անվճար է:

Նմանատիպ նյութեր