211652_close_icon
views-count2228 դիտում article-date 20:03 14-11-2016

Հայաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր. Fredoom House

Fredoom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության 2016թ. զեկույցը, որում Հայաստանը 30 միավորով համարվում է ազատ համացանց ունեցող երկիր: Իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտությունն անցկացրել է 2015թ․ հունիսից՝ աշխարհի 65 երկրներում։ Երկրների ազատությունը համացանցում գնահատված է 100 միավորանոց սանդղակով: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ: Հայաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր։ Ակտիվիստները պարբերաբար օգտագործում են սոցիալական ցանցերը իրենց գաղափարներն արտահայտելու համար, համացանցում տարածում ունեն նաև ընդդիմադիր և անկախ լրատվական զանգվածային միջոցները։ Նշվում է, որ անցած տարվա ընթացքում համացանցում գործունեության համար դատական գործընթաց կամ քրեական այլ պատժամիջոցներ երկրում չեն կիրառվել։ Այնուամենայնիվ, անցած տարիների ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ լրագրողների, առցանց պարբերականների դեմ հայց է ներկայացվել՝ զրպարտության համար բարոյական փոխհատուցման պահանջով։ Նշենք, որ տարածաշրջանի երկրներից ազատ համացանց ունեցող երկրների շարքում է միայն Վրաստանը (25 միավոր): Ուշագրավ է, որ Ադրբեջանը (57 միավոր) համարվել է մասնակի ազատ համացանց ունեցող երկիր, իսկ Թուրքիան (61 միավոր), Իրանը (87 միավոր) և Ռուսաստանը (65 միավոր) դասվել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքում:

Նմանատիպ նյութեր