211652_close_icon
views-count1744 դիտում article-date 15:23 11-11-2016

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը

Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով նիստի սկզբում օրակարգում ավելացել է ևս մեկ հարց, որը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացմանը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից: ՀԽ անդամները դրական համարելով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը` այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, և քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում: Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կնքված երկկողմ համաձայնագտրի շրջանակներում ՀԽ պատվիրակության Չինաստան կատարած այցի մանրամասները: Նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը չինական կողմի հրավերով Հանրային խորհրդի պատվիրակությունը (Վազգեն Մանուկյան, Հովիկ Մուսայելյան, Վազգեն Սաֆարյան) այցելել է ՉԺՀ, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC), Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարության, ինչպես նաև մի քանի պետական ռազմավարական կենտրոններում: Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC) կարևոր մաս է կազմում: Տնտեսական և Սոցիալական խորհրդի նախագահը` պարոն Դու Ցինլինը, Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի փոխնախագահն է: CPPCC-ը Չինաստանի կարևորագույն քաղաքական մարմիններից մեկն է, որի նախագահն ի պաշտոնե քաղբյուրոյի մշտական անդամներից մեկ է: Այժմ CPPCC նախագահը պարոն Յու Չժենշենն է` քաղբյուրոյի 7 մշտական անդամներից մեկը: Այցի շրջանակներում ՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև վերջինիս հետ: Պարոն Յու Չժենշենի հետ հանդիպման հիմնական առանցքը եղել է «Մետաքի ճանապարհ» ծրագիրը, որի մասնակիցն է նաև Հայաստանը: Յու Չժենշենը ՀԽ պատվիրակությանը ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները, տնտեսական առավելությունները, որոնք ձեռք կբերեն մասնակից պետությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցի այդ ծրագրերին: ՀԽ պատվիրակությունն իր հերթին կարևորել է ծրագրի մեջ հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ծրագիր է, այլ նաև անվտանգության և նոր գաղափարների իրականացման հնարավորություն: ՀԽ պատվիրակության անդամներն առաջարկել են, որպեսզի «Մետաքսի Ճանապարհի» շրջանակներում կազմակերպվի այն ժողովուրդների կոնֆերանսը, որոնք պատմականորեն իրականացրել են այն` նշելով, որ միգուցե նպատակահարմար կլինի, որպեսզի այդ կոնֆերանսը կազմակերպի Հայաստանում: Խոսվել է նաև գինու, կոնյակի արտադրության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության մասին: ՀԽ մոտեցումը եղել է այն, որ «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելիս պետք է առաջնորդվել ոչ միայն այս պահի տնտեսական շահերով, այլև ներդրումներ կատարել ապագայի մեջ՝ հաշվի առնելով նաև քաղաքական և պատմամշակութային գաղափարական ընդհանրությունները: Անդրադառնալով տնտեսական հարցերին` հայկական կողմը նշել է, որ Հայաստանն այսօր ունի բավարար ներուժ` դառնալու Չինաստանի համար ինժեներական և գիտական մշակումների և արտադրության հարթակ, ինչպես եղել է Խորհրդային միության տարիներին: ՀԽ պատվիրակության առաջարկություններն ու դիտարկումներն արժանացել են Յու Չժենշենի ուշադրությանը, և նա նշել է, որ կարևոր կլինի դրանք քննարկել նաև իր տեղակալների և օգնականների հետ:

Նմանատիպ նյութեր