Կլուծվեն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները
Կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները:
Ըստ հիմնավորման, համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն:
Ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ:
Ըստ այդմ, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից:
Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել օրենքում՝ սահմանելով, որ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները: