2802 դիտում
12:43 20-10-2016
Վարչապետը հանձնարարականներ է տվել տրանսպորտի, լիցենզավորման, ընդերքի և ԴԱՀԿ-ի գործունեության հետ կապված խնդիրների վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտների հետ կապված. «Տրանսպորտ. ակտուալ են մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրները:
Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ:
Լիցենզավորման մասին. լիցենզավորման մասին գործող օրենսդրության համաձայն կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներ իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները:
Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Ընդերքի հետ կապված հանձնարարում եմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ 3 շաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն, մասնավորապես՝տրված թույլտվությունները ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրա կիրառման մոտեցումները։
Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունից:
Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում և այլն: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները, եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին, վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ.փոստի, sms միջոցով և այլն»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է ամփոփել կառավարության նախորդ նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Նմանատիպ նյութեր
4559 դիտում
17:14 26-10-2016
Վարչապետը հանձնարարականներ է տվել գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ
Այս բաժնից
511 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
826 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում