211652_close_icon
views-count4984 դիտում article-date 21:38 11-10-2016

Արձակագիր էդգար Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...

[color=#EF2929]Չափից ավելի հայը (էսսե)[/color] Մի սերունդ է եղել երևի, որ չափից ավելի հայ է ծնվել, իսկ հայի համար պետք եղածից ավելի հայ լինելը ընդհանրապես հայ չլինելու պես սարսափելի է: Հողն էլ է պետք գրագետ, մարդավարի սիրել, իսկ մենք` իբր թե չափից ավելի հայ ծնվածներս, հող սիրել չգիտենք, մենք էս հողը սիրում ենք էնպես, ինչպես մեր կանանց` ծեծելով, դավաճանելով ու տուն չգալով: Ասում են` հայը ծայրահեղական է, չգիտեմ` որտեղից է եկել էդ ճշմարտությունը, գուցե շատ հայ լինելուց, գուցե հայ չլինելուց, գուցե պատմություն չիմացող պատմիչների ստերից: «Պիտի» բառով սկսող ծայրահեղությունների շղթա է հայը, որովհետև նա պիտի կամ սոված լինի կամ վախենալու աստիճանի կուշտ, պիտի կամ հաստ բարերար լինի կամ խեղճ մուրացկան: Բա էդ «պիտիների» մեջ ո՞նց էգի ու որձի ծայրահեղությունը չգտանք, ո՞ւմ մեղքի համար հենց էդ երկուսը ոսկե միջին ունեցան: Չափից ավելի հայը սիրում է իր երկիրը, սիրում է, քանի դեռ կուշտ է, սիրում է, քանի դեռ քածի պես չի նեղացել արմատներից, սիրում է, քանի դեռ ինքնաթիռ չի նստել: Էնտեղ` B կետում, էլի շարունակում է սիրել, հա, հա, գժի պես սիրում է, միայն թե էդ կետում հողն ու հայրենիքը հողից ու հայրենիքից փոխվել են երրորդ կամ չորրորդ կենացի: Երկիր սիրելը նրա համար ոչ թե մարդկային բնություն է կամ ենթագիտակցություն, այլ հստակ օրակարգային գործողություն, լվացվելու կամ եղունգ հարդարելու պես մի բան: Ու նա չի կարողանում երկու գործողություն միաժամանակ անել, նա չի կարող հայրենիքը սիրել ու սուրճ խմել, մեկը մյուսին խանգարում են: Հող ու երկիր սիրելու համար էլ է ճաշակ հարկավոր: Վատ մարդը չի կարող հող ու երկիր սիրել, իսկ չափից ավելի հայը լավ մարդ չի: Նա գաղթական չի, նա հանձված է: Հանձնված դեռ էստեղ, դեռ օդանավ չնստած, դեռ գաղութներից մեկն ու մեկում չհամարակալված: Հրաժեշտ տալուց սրտխփոց չի ունենում, թքած ունի, որ գեղեցիկ, խոշոր աչքերով մեկը փորձում է պահել նրան, թքած ունի, որ վաղն ուրիշն է խոշոր աչքերովի հետ անկողին մտնելու, որ վաղն ուրիշն է պառկելու իր երազանքների հետ... ու իր հողին է պառկելու: Թքած ունի: Վաղը նա պիտի հալածյալի շորեր հագած` կանգնի առաջադեմ աշխարհի դիմաց, պիտի հաց ու գութ մուրա, պիտի լաց լինի, էսպես հարմար է: «Ես ծեծված ու սպանված ժողովրդի զավակ եմ, ես կոտորած ու Քոչարյան եմ տեսել, խղճացեք ինձ»: Ու էսքանից հետո էլ տեղը չի սթրվում չափից ավելի հայը, հայ լինելը թարգելուն զուգահեռ դասեր է տալիս, դատում ու խրատում է նրանց, ովքեր չեն հանձնվել: Հայրական տունն ատելուց մի քանի հարյուր կամ մի քանի հազար օր հետո վերադառնում է հայը, վերադառնում է, դեպորտի անունը դնում հայրենիքի կարոտ ու գրկում մորը, որին չէր կարոտել, ու գրկում հողը, որին չէր կարոտել: Իսկ խոշոր աչքերովին չի գտնում... Ու էդ պահին դատարկ հոգին ավելի է դատարկվում, ու տխրում է առաջին անգամ չափից ավելի հայը, արյան գույն չունեցող հայը, զինվորի կենաց խմող հայը, սխալ սարքած հայը... Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր