Թևան Պողոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը փոփոխություններ դեռ չեն տեսնում
Հանրային տրամադրությունների կառավարման գործընթաց է տեղի է ունենում, ոչ թե իրագործվում է փոփոխություններին միտված քաղաքականություն: Այս մասին «Հայաստանյան ներքաղաքական և տնտեսական զարգացումներ» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Գործողությունների տեսանկյունից եթե խոսենք, ապա միայն կարելի է խոսել անձափոխությունների մասին: Չկա կառավարության ծրագիրը, որ փոփոխություններ երևան։ Կլինի՞ այդ ամենը՝ կերևա երկու շաբաթվա ընթացքում, երբ Կառավարությունը ներկայացնի ծրագիրը»,- նշեց Թևան Պողոսյանը:
«Հարցնում ենք` ուզում եք քաղաքականություն փոխե՞լ, ի՞նչ ուղղությամբ ենք շարժվելու, ասում են` ծրագիրը կլինի, կիմանաք»,- իշխանության ներկայացուցիչների խոսքերը մեջբերեց պատգամավորը:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համաձայնեց բոլոր դիտարկումների հետ և իր կողմից ավելացրեց. «Գեղեցի՞կ է կառավարությունը. Գեղեցիկ է, բայց մենք նշաններ չենք ստացել, որ բովանդակային փոփոխություններ են լինելու, բացի տեսքից ու ձևից»:
Ըստ Սաֆարյանի՝ ապրիլյան պատերազմով և հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանը որպես պետություն և մենք՝ որպես հասարակություն, երկու մեծ շոկ ունեցանք՝ մեկը ներքին, մյուսը՝ արտաքին:
«Եվ ես չեմ կարծում, որ լավ ղեկավարությունը պետք է հասներ նրան, որ այդ երկու շոկը տեղի ունենար, նոր հասկանայինք, որ մեծագույն պրոբլեմն ունենք»,- ասաց բանախոսը: