Հայաստանում փակվել է 500 գրադարան
Հայաստանում 1990 թ.-ից մինչ օրս փակվել է 500 գրադարան. այս մասին այսօր ասուլիսում նշեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը` նշելով, որ դրանք հիմնականում համայնքային գրադարաններն են:
«1990 թվականից հետո 500 գրադարան է փակվել: Եղածները գտնվում են անհուսալի և խեղճ վիճակում: Վատ են գրադարանային պայմանները, շենքերը վերանորոգված չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, դրանից բացի գրադարանները տարիներով չեն համալրվում:
Գրադարանների պահպանման հարցը տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ներքո է: Իսկ փորձը ցույց է տալիս, որ տեղական մարմինները չեն կարողանում գրադարանները պահել: Եվ դա միայն ֆինանսականի հետ կապված չէ: Բոլոր համայնքների ղեկավարները չեն, որ ի վիճակի են գնահատել գրադարանի դերը»,- ասաց Հասմիկ Ղազարյանը:
Այն հարցին, թե միգուցե նաև ընթերցողի պակաս կա, Հասմիկ Ղազարյանը պատասխանեց. «Այո նման խնդիր կա, բայց գրադարանը չի համալրվում, հետևաբար ընթերցողների թիվը կնվազի: Գրադարան կա՝ 10 տարի չի համալրվել, եղած գրականությունն էլ մաշվել է»: