ԵԱՀԿ Մինսկի խումբը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ռուսական լրատվական գործակալությանը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք լիահույս ենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման անցկացման վերաբերյալ: Առայժմ հաջորդ հանդիպման ժամկետն ու անցկացման վայրը դեռևս հայտնի չեն»,-ասել է Ուորլիքը:
Ամերիկացի պաշտոնյան շտապել է հավելել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունն ու կողմերի հետագա քայլերը: