Վարչապետը նոր խորհրդական է նշանակել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»:
Ա. Խաչատուրյանը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի մասնագետ է և «ԹիՔեյ էքուիթի փարթներս» խորհրդատվական գրասենյակի կառավարող գործընկերը: Մինչ այդ, եղել է «Կապիտալ ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության և «Կորպորատիվ կառավարման կենտրոնի» իրավախորհրդատուն: Ալեքսանդր Խաչատուրյանը ունի Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք խոշոր միջազգային և տեղական ներդրողների սպասարկման փորձ և ներգրավված է եղել Հայաստանի ֆինանսական ու ներդրումային ոլորտի ինովացիոն գործարքներում:
Նա Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է, որտեղից ստացել է ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոսի կոչում: Ա. Խաչատուրյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս է, որտեղ դասավանդում է կորպորատիվ ֆինանսների իրավունք: