Արենիում կազմակերպվել է գինու ավանդական փառատոնը
Արենի գյուղում 8-րդ անգամ կազմակերպվեց ավանդական Արենի գինու փառատոնը: Գինի արտադրող 18 կազմակերպությունները, ինչպես նաև՝ տնական գինի արտադրող մոտ 60 անհատներ փառատոնի շրջանակներում ներկայացրեցին իրենց արտադրանքը:
«Areni Wine» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի դիտարկմամբ տարեցտարի ավելանում են գինի արտադրող ընկերություններն ու տնական գինի արտադրող անհատները:
Փառատոնի միջոցառումների մեկնարկին նշվեցին մասնակից կազմակերպությունների անունները, ինչից հետո վերջիններիս կողմից բերված խաղողը լցվեց տակառի մեջ և աղջիկներն, ըստ ավանդույթի, ոտքերով ճզմեցին այն:
Փառատոնը համընկնում է Տուրիզմի համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի հետ, որն այս տարի անցկացվում է Երևանում: Այդ առիթով Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների 70 պատվիրակներ: