Իրանում ռազմական շքերթներ են անցկացվել Սուրբ պաշտպանության շաբաթվա կապակցությամբ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև տարբեր քաղաքներում այսօր Սուրբ պաշտպանության շաբաթվա կապակցությամբ ռազմական շքերթներ են անցկացվել, հաղորդել է IRINN հեռուստաալիքը։
Շքերթներին մասնակցել են Իրանի բանակի բոլոր ստորաբաժանումների և Իսլամական հեղափոխության պահակային կորպուսի զինվորականները։
Թեհրանում շքերթն անցկացվել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խոմեյնիի դամբարանի առջև։ ներկա են գտնվել երկրի բարձրաստիճան ղեկավարությունը, ինչպես նաև Իրանում օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, հասարակական գործիչներ։
Որպես կանոն՝ այդ օրը ելույթի խոսքով է հանդես գալիս Իրանի նախագահը, սակայն Հասան Ռուհանին այս պահին մասնակցում է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանին։
Շքերթներում ցուցադրվել են ռազմական ոլորտում Իրանի վերջին ձեռքբերումները։