Հուսով ենք, որ Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում հույս է հայտնել, որ երկու շաբաթ անց կհաջողվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Նյու Յորքում:
«Կան կարգավորման առանձին պայմաններ, սակայն մեզ բոլորիս չի բավականացնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ առաջ գնալու քաղաքական կամքը: Մենք այդ պայմանները քննարկել ենք Սերգեյ Լավրովի հետ:
Լավ նորությունն այն փաստն է, որ վերջապես ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո մենք տեսնում ենք հրադադարի ժամանակաշրջան, որը քիչ թե շատ պահպանվում է: Դա այն մթնոլորտն է, որում մենք կարող ենք հասնել առաջընթացի բանակցություններում: Դրա համար էլ մենք կցանկանայինք, որ տեղի ունենար նախագահների ևս մեկ հանդիպում:
Մենք ցանկանում ենք նախագահների նոր հանդիպում, սակայն դեռ հստակություն չկա ո՛չ ժամանակի, ո՛չ էլ տեղի հարցում: Որպես համանախագահներ՝ մենք հանդիպումներ ենք ունենում արտգործնախարարների հետ՝ դնելու համար հաջորդ գագաթնաժողովի հիմքը:
Հուսով ենք երկու շաբաթ անց երկու արտգործնախարարներին տեսնել Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Կցանկանայինք հուսալ, որ այնտեղ տեղի կունենա նաև երկու նախագահների հանդիպումը»,- ասել է Ուորլիքը: