211652_close_icon
views-count1023 դիտում article-date 21:32 06-09-2016

Հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվել է լիարժեք գործող միջազգային ծրագիր

"Այբ" դպրոցում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում ստեղծված "Արարատյան բակալավրիատ" հայալեզու կրթական ծրագրի միջազգային ճանաչմանը։ Ասուլիսին մասնակցել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և "Այբ" դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ականատեսն ենք շատ կարևոր ծրագրի արդեն փորձնական կիրառման, որը ոչ պակաս գեղեցիկ անվանում ունի՝ "Արարատյան բակալավրիատ": "Երբ ասում ենք, որ մեր կրթական համակարգը պետք է համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին, կարևոր է այն ոչ միայն ձևական իմաստով ճանաչելի դարձնել, այլև Հայաստանում իրականում ձևավորել կրթական արդյունք, որի բոլոր փուլերը հնարավոր լինի մատուցել մեր երկրում: Օրինակ, եթե ունենք լավ դպրոց, բայց չունենք լավ բուհ, ապա կրթական շղթան չի ամբողջանա: Ուստի, վերջին տարիներին հետևողականորեն ձևավորվում է մի կրթական համակարգ, որը ազգային է, բայց միաժամանակ հասկանալի աշխարհի համար: Այդ առումով կարևոր է, որ առաջին անգամ հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվում է՝ որպես լիարժեք գործող միջազգային ծրագիր: Այսինքն, ՀՀ-ում ունենք այլընտրանքային ծրագիր, որ ունի բավականին բարձր միջազգային որակ",-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանն անցումային փուլում՝ հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն, որդեգրել է ամերիկյան ձևաչափը, երբ ձևավորվել է թեստավորման կենտրոնը. վերջինիս միջոցով անցում է կատարվում ավագ դպրոցից բուհ: ""Արարատյան բակալավրիատ" ծրագրով ունենում ենք երկրորդ ճանապարհը՝ գերազանցության կենտրոն, որի չափանիշները բարձր որակակական պահանջների մեջ են, հետևաբար ՀՀ կրթական համակարգն աստիճանաբար պետք է անցնի դրան: Բոլոր ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու՝ երկու ճանապարհից ընտրել մեկը, ուղղակի երկրորդն ապահովելու է նաև միջազգային արդյունք: Պետք է փորձել ծրագիրն իջեցնել հնարավորինս լայն հատված, օրինակ՝ գերազանցության դասարաններ, թեկնածու դպրոցներ, այսինքն՝ շարժում սկսել, որ յուրաքանչյուր դպրոց հասկանա, որ այս ճանապարհն իր համար է, և որ այն ունի այլընտրանք, եթե կարողանա վերակազմակերպել իր աշխատանքը: Կարևոր է, որ չէլիտարացվի համակարգը: Այս ամենին պատրաստվելու համար մեկ ամսվա ընթացքում կկազմենք ծրագիր, որ դպրոցները կարողանան մասնակցել այդ իրավունքի մրցույթին",-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ծրագրի իրականացմանն ուղղվել են նաև պետբյուջեի միջոցներ, հատկապես մեթոդաբանական, գաղափարական հենքի ձևավորման ժամանակ: "Եթե կարողանանք ծրագիրն այնպես ինտեգրել մեր կրթական համակարգին, որ հետո ունենանք բակալավրական և մագիստրոսական ծրագրով շարունակություն, ապա Հայաստանում կստանանք կրթական կլաստեր՝ իր սկզբնական կրթությունից մինչ վերջին փուլ: Հայատառ ծրագրի ճանաչումը կարևոր ձեռքբերում է, ուղղակի պետք է փորձել այդ ճանապարհին ապահովագրվել կրթության որակի կորուստներից: Հույս ունենք, որ մոտակա երկու տարիներին կտարածենք այս փորձը ՀՀ բոլոր մարզերում", - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ պետք է ուշադրություն դարձնել նաև փոքր դպրոցներում որակի պահպանման և ձևաչափի, մեթոդոլոգիական լուծումներ տալու խնդրին:

Նմանատիպ նյութեր