1458 դիտում
21:03 30-08-2016
Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Սպահան նահանգ
Օգոստոսի 28-29-ը Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սպահան նահանգում, որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, Սպահանի քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադի, Սպահանի համալսարանի ռեկտոր Հուշանգ Թալեբիի, Իրանի ռադիոհեռուստատեսության Սպահանի կառույցի գլխավոր տնօրեն Մասուդ Ահմադի Աֆզադիի, Սպահանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Աբդալվահաբ Սահլաբադիի հետ:
Սպահանի նահանգապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի դերակատարությանը: Քննարկվել են Սպահան նահանգի հետ տնտեսական, մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը: Դեսպան Թումանյանը ներկայացրել է հայ-իրանական տնտեսական հնարավորությունները, որոնք ստեղծվել են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ընդգծել միջմարզային համագործակցության զարգացման կարևորությունը:
Նահանգապետ Զարգարփուրն իր հերթին ներկայացրել է Սպահան նահանգի արդյունաբերական հնարավորությունները` կարևորելով, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի հետ համագործակցությունը, մարդկանց միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում գոհունակությամբ արձանագրվեց, որ մի քանի ամիս է, ինչ գործում է ուղիղ օդային հաղորդակցություն Երևանի և Սպահանի միջև:
Սպահանի քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադի հետ զրույցի ընթացքում արձանագրվել է, որ Երևանը և Սպահանը, որպես քույր քաղաքներ, պետք է խորացնեն մշակութային և հումանիտար համագործակցությունը՝ հասարակություններին ներկայացնելով երկու քաղաքների հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվել են Երևանում և Սպահանում փոխադարձ մշակույթի շաբաթներ անցկացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները:
Սպահանի համալսարան այցի շրջանակներում ռեկտոր Հուշանգ Թալեբին դեսպան Թումանյանին ներկայացրել է համալսարանի և օտար լեզուների ֆակուլտետում գործող հայոց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությունը: Կարևորվել է ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, ինչպես նաև գիտակրթական և հետազոտական նախագծերի իրականացումը:
Նմանատիպ նյութեր
11054 դիտում
19:00 07-07-2017
Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Իրանի Կենտրոնական նահանգ
1247 դիտում
18:53 29-07-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ
Այս բաժնից
1096 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է
1120 դիտում
20:24 08-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1099 դիտում
18:58 08-02-2025
Զարմացած եմ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից․ Կոբախիձե