ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ
                        2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները: 
Հիշեցնում ենք, որ՝
1.	համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել  պատահարը, եթե 
- պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
- պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
- վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
- տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում  100.000 դրամը:
2.	նման դեպքերում  անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները` 
- առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,
- լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը, 
- ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,
- տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:
    
Այս փոփոխությամբ պայմանավորված որոշակիորեն խմբագրվել է նաև համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարող եք ներբեռնել հետևյալ [url=http://paap.am/pages.php?al=announcements&pid=2&id=327&act=more]հղումով[/url]։
  
Համաձայնեցված հայտարարագրի ձևը կարող եք ստանալ նաև Ձեր ապահովագրական ընկերությունից,  Ձեր ապահովագրական գործակալից, Բյուրոյից կամ ճանապարհային ոստիկանից:
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո 
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

