211652_close_icon
views-count3669 դիտում article-date 11:30 19-08-2016

Մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ

Եռասերունդ երկրապահական ընտանիքը, Զորավար մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին լինում է Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում, այցելում է զոհվածների պատվին կանգնեցված հուշարձաններին, գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ է նվիրում Արցախի բոլոր առաջին դասարանցիներին, տեխնիկա, դեղորայք եւ այլ պարագաներ սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Երկրապահ կամավորականների միությունը 2016 թվականը հայտարարել է ՀՀ եւ Արցախի հայկական պետության անկախության 25-ամյակի տարի։ Անկախության 25-ամյակի ոգին կա տարվա ընթացքում իրականացվող բոլոր երկրապահական միջոցառումներում, բոլոր նախաձեռնություններում։ Բնական է, որ անկախության տարեդարձին է նվիրվում նաև երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ աշխարհ։ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած ուխտագնացությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու ԼՂՀ անկախությանը, ինչպես նաեւ այդ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացմանը: Արցախի անկախության համար հայ ժողովուրդը արյամբ է վճարել, ընդ որում հերոսականության խորհրդանիշ արյամբ, որ ծորաց հազարավոր հերոսների մարմնից ու ներքաշվեց Արցախի հողի մեջ, որ հողն ապրի իր հերոսների արյամբ: Ուխտագնացության նպատակն է հավերժացնել այդ հերոսների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքի բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել ազատագրված տարածքների եւ սահմանամերձ բնակչության՝ իրենց պապենական օջախներում ապրելու հավատը, նոր սերնդի մեջ, որպես հայրենապաշտպանության դաս սերմանել Արցախյան ազատագրական պատերազմի հերոսական դրվագները, քաջարի երկրապահների, 5-րդ բրիգադի ու նրա հերոս մարտիկների անցած փառապանծ մարտական ուղին: Ուխտագնացությունը խոնարհում է Արցախյան ազատագրական պայքարի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ եւ զգոնության կոչ է աշխարհին, որ թափված արյունն էլ ավելի է իմաստավորվում ազատագրված հողում ու սկսած գործը, որի համար տասը հազարից ավելի հերոսներ իրենց կյանքը չեն խնայել, երբեք կիսատ չի մնում: Ուխտագնացությունը պարտք է ոչ միայն նահատակ հերոսների հիշատակի հանդեպ, այլ նաեւ պարտք է ապրողների, ազատագրված երկիրը շենացողների, ազատագրման, անկախության ու այս վեհ գաղափարների համար նահատակված հերոսների պատիվը, փառքը պահողների հանդեպ: Որովհետեւ հողը չի ազատագրվում միայն պաշտպանելու համար, այլ այդ հողի վրա ապրելու` հողը հայրենիք դարձնելու համար: Որովհետեւ կարևորը ոչ միայն ազատագրելն է, այլ նաև ձեռք բերածը շենացնելով պահպանելն է եւ այն նոր սերնդին փոխանցելն է: Ուխտագնացությունը նաեւ նվիրում է մեր հերոս մայրերին, որոնք պատերազմի ժամանակ ֆիզիկապես, բարոյապես եղել են իրենց զավակների կողքին, ոգեւորել նրանց: Ու հենց այս առումով ուխտագնացություն երեւույթը մեր ազգապահպանման, մեր հայրենապաշտպանության, մեր նոր սերնդի հայեցի դաստիարակության գործոններից մեկն է, ընդ որում ամենակարեւոր գործոններից: Երկրապահական այս ուխտագնացությունը պատգամ է ապագային, թե ինչպես կարելի է կռվել, հող ու հայրենիք պաշտպանել, հավատ ներշնչել քեզանից հետո եկողներին, որ մարդու անձնական կյանքում կարեւորը հողի, հայրենիքի ու պետության կայունությունն է, որի համար միշտ կլինեն հերոսներ ծնող մայրեր, իրենց կյանքը զոհաբերող հերոսներ: Ու նաեւ այս առումով ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում ու դաստիարակվում այդ պատմությամբ: Այդ պատմությունը արձանագրված է խաչքարերի վրա ու խաչքարերից մեզ նայող խիզախ նահատակների հայացքների մեջ: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմին կամավոր զինվորագրված Մանվել Գրիգորյանը ազատագրելով, ազատագրած վայրերում խաչքար էր տեղադրում, հուշակոթող էր կանգնեցնում: Խաչքարեր, որոնց վրա փորագրված յուրաքանչյուր անուն մի հերոսականություն է, հերոսականության մի պատմություն է, որ մահվան աչքերին ժպիտով նայելով նետվել են մարտի և հիմա ժպտադեմ խաչքարի հայացքով նայում են մեզ: Մեզ` ապրողներիս, որպեսզի մենք մեր մեջ միշտ ուժ ունենանք ապրելու, գործելու նաեւ` նրանց փոխարեն: Խաչքարեր տեղադրելու ավանդույթն այսօր եւս առանցքային տեղ ունի Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի աշխատաոճում։ Դեռ նախորդ տարվա երկրապահական ուխտագնացության շրջանակներում 1915-ի հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին խաչքարեր տեղադրվեցին եւ օծվեցին Արցախի բոլոր վարչական շրջաններում, նաեւ՝ Մեծ Շենում, Էդիլվա ձորակում։ Ընդ որում՝ Զորավարի նախաձեռնությամբ տեղադրվել են թուրքերի ձեռամբ ավիրված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները՝ իբրեւ ապացույց այն իրողության, որ հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթը, հայ հավատքն անմահ են ու անպարտելի։ «Խաչքարն ինձ համար եւ, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, այլ հայերիս համար հողը հայրենիք դարձնելու առաջին եւ ամենամնայուն գրավականն է: Պատահական չէ, որ Ադրբեջանում հակահայկական պայքարը սկսվել է խաչքարերի դեմ պայքարով, խաչքարերի ոչնչացմամբ: Խաչքարերը, ի սկզբանե, ուղեկցել են հայ ժողովրդին ու հայոց պատմությանը, շատ անգամ վկայելով, արձանագրելով, հաստատելով մեր ժողովրդի անցած ճանապարհը: Բացի այդ, մեր տեղադրած խաչքարերը մեր մարտական ընկերներն են` հավերժ կանգնած իրենց ազատագրած տարածքներում: Ինձ համար խաչքարը միայն քանդակված ստեղծագործական աշխատանք չէ, այլ նաեւ հոգի է, սիմվոլ է, որը բնորոշում է ազատագրված տվյալ բարձունքը, նրա համար թափած արյունը, նրա համար զոհված խիզախ հոյորդիների կամ հայորդու կերպարը: Խաչքարն ինձ համար կերպար է, միջավայր, խորհրդանիշ»: Ուխտագնացությունը նվիրված է նաեւ գիտելիքի օրվան, քանզի 21-րդ դարում գիտելիքով, ուսյալ, կրթված երիտասարդությամբ, լավ մասնագետներ պատրաստելով կարելի է հասնել համազգային խնդիրների ազգաշահ լուծմանը: Այդ իսկ պատճառով Երկրապահը մշտապես առաջնահերթ կարեեւորություն է տալիս կրթական ծրագրերին: Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների հետ մշտապես կազմակերպվում են հրամանատարասերժանտական դասընթացներ, իսկ ամռանը՝ ճամբարային ուսումնամարզական վարժանքներ: Այս ամենի արդյունքում պատանի, երիտասարդ երկրապահները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, հաղորդակցվում են հայոց պատմությանը, հայ եկեղեցու պատմությանը, տարբեր ոլորտներում մասնագիտական հմտություններ են ձեռք բերում: Այս ծրագրերում ակտիվորեն ներգրավված են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության, մշակույթի, սփյուռքի, արդարադատության նախարարությունների, կադաստրի կոմիտեի, ոստիկանության, փաստաբանների պալատի, անվտանգության միջազգային ակադեմիայի մասնագետները: Այս տարվա ուխտագնացությունը մեկնարկել է հենց տարեսկզբին։ Հունվարի առաջին օրերից երկրապահական ուխտագնացությունն անցավ Արցախ աշխարհով։ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ մենք շնորհավորեցինք Արցախի բոլոր վարչական շրջանների բնակչությանը, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահների ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին։ Երկրապահական առաքելությունն անցավ նաև բոլոր ծերանոցներով, մանկատներով, հոսպիտալներով, հիվանդանոցներով։ Մենք եղանք սահմանապահ զինվորի եւ սահմանաբնակ ժողովրդի կողքին։ Առհասարակ, Երկրապահը 1989-ից Արցախում է, սահմանին է։ Մեր բոլոր մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների բազմամարդ, եռասերունդ պատվիրակությունները անընդհատ լինում են սահմանամերձ զորամասերում, մարտական հենակետերում, սահմանապահի եւ սահմանաբնակի կողքին։ Ուխտագնացությունն ընդգրկուն աշխարհագրություն ունի: ԵԿՄ եռասերունդ պատվիրակությունը, վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, շրջում է Հանրապետության բոլոր մարզերում, լինում է Երեւան քաղաքի տարբեր համայնքներում: Արդեն տարիներ շարունակ, ընդարձակելով առաքելության աշխարհագրությունը, ուխտագնացները ներկայացուցչական խմբով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ լինում են Ուկրաինայի Օդեսա քաղաքում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Նանսիում, հանդիպում տեղի համայնքների հետ: Երկրապահները լինում են Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում, ուր վաղուց հիմնադրվել և գործում են ԵԿՄ ներկայացուցչություններ: Զորավարի նախաձեռնությամբ երկրապահական ուխտագնացությունը պարտադիր անցնում է նաեւ Երուսաղեմով։ Ի դեպ, այստեղ, Պարոն Տեր կոչվող հայկական տարածքում եւս Երկրապահը խաչքար է տեղադրել՝ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված զոհերի։ Եվ որտեղ էլ որ լինում է պատվիրակությունը, Մանվել Գրիգորյանը խոսում է երկրապահի եւ Արցախի ճակատագրի մասին, պետության հզորացման և երկրի կայունության մասին, ինչն սպասվող մարտահրավերներին դիմակայելու առաջին պայմանն է: Երկրապահի առաքելությունն ու Արցախի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում եւ ազատագրված հողը դառնում է հայրենիք: «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Իսկ երկրապահն էլ արյամբ եւ Սպարապետի պատգամը կյանքի վերածելով, տեր է կանգնած այդ հողին: Եվ սա է Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքի շեշտադրումը արմավիրյան, տավուշյան, աշտարակյան, արարատյան հանդիպումների ներկաներին` ամբողջ հայությանը, ու նա ոգեւորում էր նրանց, որ տեր կանգնեն ազատագրված հայրենիքին: Երկրապահն իր արյամբ կանգնած է հայոց պետակության ակունքներում և պետության, ու երկրի կայունությունը երկրապահի համար սրբագույն անհրաժեշտություն է: Երկրապահական ուխտագնության ակունքները գալիս են Արցախյան ազատամարտի տարիներից, երբ դեռ 1993թ. հրամանատար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը, իր շուրջը հավաքելով դեռ ընթացող Արցախյան ազատամարտի հերոս նահատակներ Արա Հարությունյանի, Հայրապետ Նավասարդյանի ծնողներին եւ Թաթուլ Խաչատրյանի կնոջը, կազմակերպում է այցելություն դեպի Հադրութի տարածք, ուր ոչ միայն զոհվել էին հերոս հայորդիները, այլ ազատագրական պատերազմը դեռ շարունկավում էր: Հերոս մայրերը եղան իրենց զավակների կողքին, եղան իրենց հերոս զավակների զոհվելու վայրերում, մայրական խորհուրդ ու օրհնանք տվեցին մարտնչողներին և դարձան Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Հետո այն սկսվեց կազմակերպվել մի շարք դպրոցների եւ դպրոցականների կողմից՝ որպես երթ 5-րդ բրիգադի անցած մարտական ճանապարհով: Առաջին երթ-միջոցառումները սկսվեցին Էջմիածնից եւ Ստեփանակերտից` 95-96թթ-ին: Էջմիածնի եւ Ստեփանակերտի երթ-միջոցառումները հիմք դարձան, որ տարեցտարի մեծանա մասնակցությունը եւ ծրագիրն էլ դառնա բազմազան ու արդյունավետ, եւ այն տարիների ընթացքում վերածվեց ուխտագնացության: Ժամանակը չի կարող մոռացության մատնել ժողովրդի կյանքում տեղի ունեցած ճակատագրական իրադարձություններն ու հիշարժան դեպքերը` հատկապես ազատ ու անկախ հայրենիքի համար ներդրված կարողությունները, հիշարժան ճակատամարտերը, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների խիզախությունն ու արիությունը: Արցախյան գոյամարտում իրենց ճակատները փառքի պսակով զարդարեցին հատկապես Երկրապահ Կամավորականները: Հաղթանակի ապահովման գործում իր կարեւորագույն ներդրումն ունեցավ երկրապահներից կազմավորված փառապանծ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը` Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Պատերազմից հետո, այսօր առավել եւս կարեւորվում է ԼՂՀ եւ ՀՀ-ի հոգեւոր միասնությունը: Հիմա արդեն Զորավարի ուխտագնացությունն անկախ Արցախ, ազատագրված տարածքի բնակչության ու բանակի համար վերածվել է ամենամյա տոնի: Տոն, որ սկսվում է Ամանորից, Սուրբ Ծնունդից, սկսվում է Սպարապետի ծննդյան օրվանից՝ տասնյակհազարավոր պատանի երկրապահների երդման արարողությամբ, երկրապահի օրվանից, սկսվում է Սարդարապատի հուշահամալիրի զանգերի ղողանջով ծավալվելուվ Հանրապետության ողջ տարածքով անցնում է Արցախ: Ուխտագնացությանը մասնակցում են արցախյան պատերազմի մասնակիցները, 5-րդ բրիգադի մարտիկները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, մտավորականներ, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, ԵԿՄ հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչներ, տարատեսակ երգ ու պարի, գուսանական, թատերական խմբեր ու համույթներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ` գյուղապետեր, քաղաքապետեր: Իսկ ուխտագնացների առջևից, արդեն որպես ընդունված պարտադիր պայման, քայլում են դրոշակակիր պատանի երկրապահները, այս երկրի այսօրվա ու վաղվա տերերը: Այդ նրանք են գալիս ժառանգելու ազատագրված հայրենիքը: Այդ նրանց ներկայությունն է արդարացնում, ավելի ու ավելի իմաստավորում ավագ սերնդի նահատակությունը: Տարեցտարի բազմանում է մասնակիցների քանակը, ավելանում են կամավոր միացողներն ու ուխտագնացությունը վերածվում է ոչ միայն տոնի, այլ նաեւ ազատագրված տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակույթային խնդիրների կարգավորման գործուն ծրագրի եւ վերաբնակեցման քաղաքականության խթան: Զորավարն ուխտագնացության ժամանակ հոգում է գործող ակումբների, հանդիսությունների տների, գրադարանների, բուժկետերի եւ դպրոցների հոգսերը, ԼՂՀ ամեն տարվա բոլոր առաջին դասարանցիներին ապահովում պայուսակներով, դասագրքերով եւ անհրաժեշտ գրենական պիտույքներով: Ուրախալին այն է նաև, որ ազատագրված հայրենիքում տարեցտարի աճում է երեխաների թիվը, իսկ սա նշանակում է, որ հաղթանակը հաստատուն է և ապագան տեսանելի: Այս տարի Արցախի բոլոր առաջին դասարանցիներին եւ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահների ընտանիքների զավակներին նվիրելու ենք մոտ 3 000 պայուսակ՝ գրենական պիտույքներով։ Այս ամենին զուգահեռ ուխտագնացության ժամանակ ֆինանսական և նյութական օգնություն է կազմակերպվում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, աջակցություն ցուցաբերվում սոցիալապես անապահով բնակչությանը: Հենց ուխտագնացության օրերին կազմակերպվում է հայրենյաց սահմանների համար անձնուրաց մարտնչած մարտիկների սխրանքների գնահատում` պարգեւների հանձնում: Ասում են, թե հայերս չունենք ապրող հերոսի պաշտամունք: Ասում են, թե մեր պաշտամունքն ուղղված է զոհված հերոսներին: Սակայն այս շրջագայութուններն ու հանդիպումները, եւ այն անկեղծ, մտերմիկ վերաբերմունքը, որ դրսեւորում է Հայաստանի եւ Արցախի հասարակ ժողովուրդը, Իջեւանում, Գյումրիում, Հադրութում, Մարտակերտում Զորավարի հանդեպ, իրավունք է վերապահում ասելու, որ հասարակ մարդը, որքան որ արմատներով ամուր կառչած է իր հայրենի բնօրրանին, այնքան էլ իր մեջ ուժ ունի գնահատելու եւ մեծարելու իր հերոսին, իր անկախության համար պայքարած մարտիկներին: Ուխտագնացությունը դարձել է մի երեւույթ, որին ժողովրդական տոների պես սպասում են բոլորը` և´ Արցախի ժողովուրդը, և´ ուխտագնացության մասնակիցները, որոնց քանակն ու շերտերը տարեցտարի բազմանում են: Ուխտագնացության երեւույթի այսպիսի ընկալումը Մանվել Գրիգորյանը դարձրեց անհրաժեշտություն եւ ավանդույթ, դարձրեց հարազատ հայրենիքով շրջելու անհրաժեշտություն: Երկրապահական ուխտագնացությունն, այսպիսով, հստակ ձեւավորված, կայացած հայրենասիրական հզոր ակցիա է, եւ այն հավերժ շարունակվելու է, շարունակվելու է հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի:

Նմանատիպ նյութեր