Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը մարզման է գնում երթուղայինով, մայրը հպարտ է նրանով. լուսանկարներ. armtimes.com
2014թ. ամառային երիտասարդական Oլիմպիական խաղերի չեմպիոն, 2016թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի Ռիոյի մեդալին սպասում էր ողջ Հայաստանը: Հատկապես սրտի մեծ թրթիռով էին այդ հաջողությանը սպասում Սիմոնի ծնողներն ու եղբայրը, եւ 19-ամյա մարզիկն արդարացրեց բոլորի հույսերը: Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նա 105 կգ քաշայինների պայքարում երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: [url=http://armtimes.com/hy/read/91691]Armtimes.com[/url]-ի հետ զրույցում նրա մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, նշեց, որ որդուց միշտ էլ մեդալներ է սպասում:
Լուսինե Մարտիրոսյան՝ Սիմոնի մայրը
[img]/ups/images/0684845001471434894379034.jpg[/img]
«Փոքր տղաս նույնպես ծանրորդ է: Միշտ սպասել եմ, որ պետք է մեդալը լինի, որ նրանք պետք է հաղթեն, իհարկե, ամեն անգամ չէ, որ հաղթանակներ են լինում, նման դեպքերում ինձ համար շատ ծանր է լինում: Քանի որ մեծահասակների Օլիմպիական խաղերն էին, վախ կար, բայց Սիմոնի բնավորությունն իմանալով, իմանալով, որ մինչեւ վերջ կպայքարի, մենք հանգիստ էինք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք չեն դադարում շնորհավորանքներ ստանալ հարազատներից, բարեկամներից ու համագյուղացիներից (խմբ. Սիմոն Մարտիրոսյանն Էջմիածնի Հայկաշեն գյուղից է):
Գեւորգ Մարտիրոսյան՝ Սիմոնի հայրը
[img]/ups/images/0400837001471434932627251.jpg[/img]
Սիմոն Մարտիրոսյանի ելույթներին նրա տանը հետեւել են ծնողները եւ բարեկամները: Տեսնելով, թե որքան վստահ է նա մրցահարթակ դուրս գալիս, նրանք իրենց հանգիստ են զգացել, սակայն մինչեւ ծանրաձողին մոտենալու պահը հուզմունքը մեծ է եղել:
«Մինչեւ նրա մոտենալը սիրտս այնպես էր բաբախում, որ կողքից կարող էին լսել սրտիս ձայնը», - ասաց նրա հայրը՝ Գեւորգ Մարտիրոսյանը:
Արսեն Մարտիրոսյան՝ Սիմոնի կրտսեր եղբայրը
[img]/ups/images/0126808001471434976707237.jpg[/img]
Սիմոնի կրտսեր եղբայրը՝ 18-ամյա ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը, ընդգծում է, որ այս արծաթը հատկապես մեծ ուրախություն է պարգեւել, քանի որ նվաճվել է Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզից հետո:
«3-րդ տեղից հետո պատկերացրեք՝ որքան ավելի մեծ է ուրախությունը, որ օլիմպիական մեդալ է նվաճում, այն էլ արծաթե: Ընդամենը 1 մեդալ էր բերել Եվրոպայից, իսկ հիմա արդեն օլիմպիական փոխչեմպիոն է: Մենք վստահ էինք, որ մեդալ կբերի, պարզապես չգիտեինք, թե ինչ կարգի մեդալ կլինի»,- ասաց նա՝ ցույց տալով եղբոր՝ Նանջինգում տեղի ունեցած 2014թ. ամառային երիտասարդական Oլիմպիական խաղերի ոսկե մեդալը եւ հույս հայտնելով, որ հաջորդ օլիմպիական մեդալը հենց այդ գույնի է լինելու:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/read/91691]կայքում[/url]։