Բրազիլիայի սենատը հավանություն է տվել նախագահ Ռուսեֆի իմպիչմենթի գործընթացին
Բրազիլիայի սենատը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆի իմպիչմենթի գործընթացը սկսելուն, հաղորդում է BBC-ն։
Որոշումն ընդունվել է 59 կողմ և 21 դեմ ձայների արդյունքում։ Իմպիչմենթի քննարկումը սկսվել է ուշ երեկոյան և ձգվել գրեթե ողջ գիշեր։ Քննարկվել է սենատոր Անտոնիո Անաստասիայի զեկույցը, որում նա մեղադրանքներ է ներկայացնում նախագահ Ռուսեֆին, ինչպես նաև՝ հիմնավորումներ՝ իմպիչմենթի համար։
Ռուսեֆը մեղադրվում է 2014 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրի բյուջեի իրական դեֆիցիտի չափերը թաքցնելու մեջ: Միևնույն ժամանակ Բրազիլիայում նշված ժամանակահատվածից ընթանում է կառավարության կողմից ղեկավարվող Petrobras նավթագազային ընկերության հետ կապված խոշոր կոռուպցիոն գործով հետաքննություն։
Ռուսեֆն անձամբ հայտարարում է, որ անմեղ է և իր քաղաքական մրցակցին մեղադրում մեքենայությունների մեջ։
Իմպիչմենթի գործընթացը կարող է տևել մինչև 180 օր։ Եթե սենատորների 2/3-ը կողմ քվեարկի նախագահի իմպիչմենթին, ապա Ռուսեֆը կհեռացվի պաշտոնից։