211652_close_icon
views-count36700 դիտում article-date 23:02 07-08-2016

Սասնա ծռերի քեռի Թորոսի անմահության գաղտնիքը բացահայտվել է

630-640-ական թթ. ասպարեզ է իջնում Արաբական խալիֆայությունը: Արաբները ընդամենը երկու տասնամյակում կործանման եզրին են հասցնում Սասանյան տերությունը, Բյուզանդիայից գրավում են Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը: Այդ ժամանակ Բյուզանդիան Հայաստանը բաժանել էր արևելյան և արևմտյան մասերի և նշանակել կառավարիչներ: Տաղանդավոր քաղաքական և ռազմական գործիչ Թեոդորոս Ռշտունին 639թ. միավորում է Հայաստանի արևմտյան ու արևելյան մասերը և ինքնուրույն իշխանապետություն հաստատում: Հայոց իշխանի նստավայրը Աղթամար կղզին էր: 640թ. սկզբին արաբները Ասորիքից և Հյուսիսային Միջագետքից հանկարծակի ներխուժում են Հայաստան: 641թ. Ամիդն ու Տիգրանակերտը (Նփրկերտ) գրավելով՝ արագորեն առաջ են շարժվում դեպի երկրի կենտրոնական շրջանները: Ներխուժման մասին տեղեկանալով, Հայոց իշխանը միավորում է ուժերը և փորձում հակառակորդի առաջխաղացումը կասեցնել Բաղաղեշի (Բաղեշ) լեռնանցքում: [b]«Վերցնելով իր զորքը՝ նա (Թեոդորոս Ռշտունին) կամենում էր Ձորա ճանապարհի կիրճերը գրավել, սակայն չկարողացավ նրանցից առաջ ժամանել, քանզի թշնամիները, թևավոր օձերի նման, օդաթև արագությամբ հարձակվելով, իրենց ետևում թողեցին հայկական զորքը և առաջանալով՝ ընթացան դեպի Դվին մայրաքաղաքը»[/b] - Ղևոնդ, Հայոց պատմություն, գլ. Բ: Արաբական հրոսակախմբերը ներխուժում են Տարոն, որտեղ հանդիպում են Տիրան Մամիկոնյանի կազմակերպած դիմադրությանը: Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում Գրգուռ լեռան հարավային ստորոտում: 8 հազարանոց հայկական զորագունդը որոշում է կասեցնել 18 հազարանոց հակառակորդի առաջխաղացումը: Արաբները մեծ դժվարությամբ են կարողանում հաղթահարել Տիրան Մամիկոնյանի կազմակերպած դիմադրությունը և շարժվում են դեպի Դվին: [b]«Ոչ ոք չկարողացավ Դվին ավանում գտնվող հայկական զորքերին տեղեկություն հասցնել, միայն թե երեք իշխաններ, որոնք գնացել էին զորք հավաքելու՝ Թեոդորոս Վահևունին, Խաչյան Առավեղյանը և Շապուհ Ամատունին, փախստական գալով Դվին, հասնելով Մեծամորի կամուրջը, քարուքանդ արեցին այն, իսկ իրենք հասնելով ավանը, գուժեցին սպառնացող վտանգի մասին: Նրանք բերդի մեջ հավաքեցին շրջանի բոլոր մարդկանց, որոնք դուրս էին եկել խաղողահավաքի: Իսկ Թեոդորոսը գնացել էր Նախիջևան քաղաքը»[/b] - Սեբեոս եպիսկոպոսի պատմություն, Գլուխ ԽԲ: [img]/ups/images/0466036001470512408407942.jpg[/img] [i]Դվին քաղաքի 3D մոդելը և ներկայիս ավերակերը[/i] Թեոդորոսը հիմնական ուժերով շտապում է դեպի Նախիջևան: Սպարապետը հույս ուներ, որ Դվինի հզոր ամրությունները բավականին երկար կկաշկանդեն արաբներին և իր գլխավորած ուժերը կհասցնեն նրանց վրա գրոհել թիկունքից: Սակայն արաբները ռազմական խորամանկությամբ և գրոհով կարողանում են գրավել քաղաքը: Դվինի գրավումից հետո արաբները սկսում են կոտորածն ու քաղաքի ամայացումը: Մի քանի օրում սպանվում են 12 հազար ու գերեվարվում 35 հազար մարդ: Այնուհետև արաբներն արագորեն հեռանում են Հայաստանից: Բյուզանդական իշխանություններն արաբների հեռանալուց հետո են սկսում «մտահոգվել» Հայաստանում իրենց տիրապետության պահպանման հարցերով: Բյուզանդիայի կայսրն, ընդառաջելով կաթողիկոս Ներսես Գ Տայեցու դիմումին՝ Պրոկոպիոս (Պռոկոպ) զորավարի հրամանատարությամբ 60 հազարանոց բանակ է ուղարկում Հայաաստան: [img]/ups/images/0799000001470514234708509.jpg[/img] [i]Ներսես Գ Տայեցի (Ամենայն հայոց կաթողիկոս՝ 641-661թթ.)[/i] Պրոկոպիոսի ու Թեոդորոս Ռշտունու գլխավորած բանակը 643թ. Աղձնիքի վրայով մտնում է Վերին Միջագետք։ Հույն զորավարն աչքի չէր ընկնում զորավարական ունակություններով, և արշավանքը փաստորեն գլխավորում էր Հայոց իշխանը: Միջագետք մտած հայ-բյուզանդական զորքերը, կոտրելով արաբների դիմադրությունը, սրընթաց առաջ են շարժվում դեպի Եդեսիա: [img]/ups/images/0938227001470512466764543.jpg[/img] [i]Եդեսիա քաղաքն այսօր[/i] [b]«Պատրիկ Վաղենտինը՝ Հռոմեացոց զորավարը, եկավ կռվելու արաբների դեմ: Ահաբեկված նրանց ներկայությունից՝ նա փախավ և թողեց իր հետ եղած բոլոր հարստությունները, որ ընկան արաբների ձեռքը: Նույն թվին Պռոկոպը եւ Թեոդորոսը մի խիստ ուժեղ հարձակում գործեցին և հասան մինչև Բատնա-Սառուգ (Բատնա-Սեռուգ՝ քաղաք Եդեսիայից հարավ-արևմուտք): Նրանք (Պրոկոպիոսը և Թեոդորոս Ռշտունին) ավերեցին և կողոպտեցին քաղաքը (Բատնա-Սեռուգը), վերցրին ինչ, որ ցանկանում էին և վերադարձան իրենց երկիրը»[/b] - Դիոնիսիոս Տելմահարցի: Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երկիրն ավերածություններից զերծ պահելու համար որոշում է բանակցություններ սկսել Ասորիքի և Վերին Միջագետքի կուսակալ Մուավիայի հետ, որն Օսման խալիֆի օրոք (644-656թթ.) բարձր հեղինակություն ուներ: 652թ. Ռշտունին մեկնում է Դամասկոս և պայմանագիր կնքում, ըստ որի. • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվում է հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15.000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ [img]/ups/images/0178439001470512600933370.jpg[/img] [i]Մուավիա (Արաբական խալիֆայության կուսակալ, հետագայում խալիֆ Մուավիա Ա)[/i] Տեղեկանալով կնքված պայմանագրի մասին՝ Բյուզանդիայի Կոստանդ Բ կայսրը (642-668թթ.) 652թ. հսկայական բանակով (ըստ Սեբեոսի՝ 100 հազարանոց) գալիս և կանգ է առնում Բարձր Հայքի Դերջան գավառում: Այնտեղ նրան է ներկայանում Մուավիայի դեսպանը՝ զգուշացնելով, որ արաբները զենքով կդիմավորեն նրան: Սակայն, կայսրը շարունակում է ճանապարհը և հասնում Կարին: [img]/ups/images/0557322001470513693201872.jpg[/img] [i]Բյուզանդական ոսկեդրամ կայսր Կոստանդ Բ-ի պատկերով[/i] 653թ. ձմռանը կայսր Կոստանդը զորավար Մավրիանոսի գլխավորությամբ բյուզանդական զորք է թողնում Հայաստանում և հեռանում: Բյուզանդացիները փորձում են Վասպուրականում ամրացած հայկական զորքի դեմ պատժիչ գործողություններ իրականացնել: Այդ նպատակով ուղարկված 3 հազարանոց զորամասն անհաջողության է մատնվում և, մեծաթիվ զոհեր տալով, Դվին է վերադառնում: Այս հաջողությունը մեծ ոգևորություն է առաջ բերում բյուզանդացիների դեմ պայքարի ելած հայ մարտիկների շրջանում: Մուավիան յոթ հազարանոց զորագունդ է ուղարկում Հայաստան: Բյուզանդացիները հեռանում են Տայոց աշխարհ, որտեղից հայ-արաբական զորքը նրանց դուրս է մղում: Նահանջող բյուզանդական զորամասերի հետապնդումը շարունակվում է ընդհուպ մինչև Տրապիզոն քաղաքը, որը հայ-արաբական զորքը գրավում է: Բյուզանդացիներին Հայաստանից դուրս մղելուց հետո Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս և ոչ միայն վերահաստատվում որպես Հայոց իշխան՝ ստանալով ոսկեթել դրոշ, այլև գերագույն իշխանությունը Վրաց, Աղվանից երկրների վրա, մինչև Ճորապահակը։ [img]/ups/images/056361000147051262448277.jpg[/img] [i]Դամասկոս[/i] Հայաստանի պաշտպանության գործում տաղանդավոր զորավարի կողքին էր որդին՝ Վարդը, որի գործունեությունը նշանակալի էր հետապնդման երկրորդ փուլում՝ բյուզանդական զորքերի վերջնական ջախջախման ժամանակ: Վարդ իշխանը Կոլոնիա քաղաքի մոտ ռազմական հնարամտությամբ կարողանում է ստիպել բյուզանդական 30 հազարանոց բանակին անցնել գետի այն ափը, որտեղ գտնվում էին հայ-արաբական զորքերը՝ Սահակ զորավարի առաջնորդությամբ: Տեղանքն անհարմար էր մարտական գործողությունների համար: Հայ-արաբական զորամասերը ճակատամարտի սկզբում կեղծ փախուստ են տալիս և բյուզանդացիներին հարկադրում «հետապնդել» իրենց: Հետապնդման ընթացքում բյուզանդացիների կազմած մարտակարգը խախտվում է: Անկանոն հետապնդում իրականացնող բյուզանդացիների վիճակը կտրուկ փոխվում է, երբ կարճատև նահանջից հետո՝ հայ-արաբական զորքերը կտրուկ հետ են դառնում ու հարձակվում բյուզանդացիների վրա: Հանկարծակիի եկած բյուզանդացիները չեն կարողանում անբարենպաստ տեղանքում միասնական մարտակարգ ձևավորել և փորձում են նահանջել: Սակայն ճակատամարտի ընթացքում Վարդի հրամանով քանդվել էր այն կամուրջը, որով բյուզանդացիներն անցել էին գետը և դեպի ուր նահանջում էին նրանց բանակի մնացորդները: Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ բյուզանդական զորքի մնացորդները գրեթե ամբողջությամբ ջախջախվում են: [img]/ups/images/0737918001470512637165902.jpg[/img] [i]Հայաստանը 640-849թթ.[/i] 7-րդ դարի հայ մեծ քաղաքական և ռազմական գործիչ Թեոդորոս Ռշտունին հայկական պետականությունը համարում էր հայ ժողովրդի բարօրության գլխավոր երաշխիքը: Եվ այդ նվիրական նպատակին հասնելու համար նա իրականացնում էր և՛ ռազմարվեստը զարդարող հանդուգն հարձակումներ, և՛ դիվանագիտական նախաձեռնություններ: Նրա շրջահայաց քաղաքականության շնորհիվ հաջորդ տասնամյակներում (մինչև 695թ.) Հայաստանը փաստացի անկախություն է ձեռք բերում՝ պետականության նախարարական համակարգի վերականգնումով: Այդպիսով, նա ապացուցեց, որ քաղաքական, ռազմական և դիվանագիտական համարձակ գործողություններով հնարավոր է պահպանել ինքնիշխանությունը և դիմակայել մի քանի անգամ հզոր հարևանների ճնշումներին: Նրա օրոք է կառուցվել նաև Բանակ տաճարը, որն այդ ժամանակների Հայաստանի հզորության և ինքնավարության խորհրդանիշներից է: [img]/ups/images/0194528001470512649818782.jpg[/img] [i]Բանակ տաճարի երբեմնի տեսքը և ներկայիս ավերակը[/i] Թեոդորոս Ռշտունին Մահանում է 66 տարեկանում հիվանդությունից Դամասկոսում: Նրան հաջորդող Հայոց իշխաններն են. Համազասպ Մամիկոնյան (654-661), Գրիգոր Մամիկոնյան (661-685), Աշոտ Բագրատունի (685-689), Ներսեհ Կամսարական (689-693), Սմբատ Բագրատունի (693-701): [img]/ups/images/0577788001470512659101849.jpg[/img] [i]Հայոց իշխաններ Համազասպ Մամիկոնյանը և Ներսեհ Կամսարականը[/i] 19-րդ դարում Ծերենցը գրել է «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպը, ինչի համար ցարական իշխանությունները աքսորել են նրան՝ համարելով, որ այդ պատմական օրինակը կարող է անկախական գաղափարներ արթնացնել ռուսահպատակ հայ ժողովրդի մեջ: Թեոդորոս Ռշտունու անձն ու գործը ոգևորել են հայ ժողովրդին դարեր շարունակ: Նրա կերպարը վիպականացվել է և տեղ գտել «Սասնա ծռեր» էպոսում, ի դեմս քեռի Թորոսի: Երկար ժամանակ չէր բացատրվում քեռի Թորոսի անմահության գաղտնիքը: Միայն վերջերս մշակութաբանները եկան ընդհանուր հայտարարի, որ նա մարմնավորում է ազատության և ինքնիշխանության գաղափարը: Այսինքն, քեռի Թորոսը հայտնվում է այն ժամանակ, երբ ինքնիշխանության համար պայքարի կամ պահպանման խնդիր կա: Այդպիսով, նա էպոսի տարբեր սերունդների հերոսներին (քաղաքական ղեկավարներին) հիշեցնում է ինքնիշխանության համար պայքարի կամ պահպանման կարևորությունը, իր մշտական ներկայությամբ հորդորում պայքարել ազատ ապրելու իրավունքի համար, ինչպես ավանդել էր Թեոդորոս Ռշտունին: [img]/ups/images/0982437001470512675120818.jpg[/img] [i]Քեռի Թորոս (նկարիչ՝ Էդուարդ Իսաբեկյան, թուղթ-մատիտ)[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր