211652_close_icon

Նուբարաշենի աղբավայրում 10 օր շարունակ հրշեջները, հետո նրանց միացած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, ամբողջությամբ մարեցին օրեր շարունակ Երևանը թունավոր ծխի մեջ պատած կրակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1192 դիտում article-date 11:23 19-08-2025
Երեկ՝ օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականներով Նուբարաշենի աղբավայրում շարունակվել է հերթապահությունը, որը կատարել են հրշեջ-փրկարարերը, Երևանի փրկարար ծառայության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի և Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ արդեն կարելի է ասել 10 օր շարունակ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների 150-ից ավելի հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքի արդյունքում աղբավայրում կանխվեց կրակի տարածումը, ապա մարվեց այն: 
 
Մի քանի թաքնված ծխացող օջախներ հայտնաբերելու համար երեկ նույնպես հրշեջները աշխատանքներ են իրականացրել:
 
Այդ օրերի ընթացքում Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի կարգադրությամբ էլ Կ. Արեյանի գլխավորությամբ քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները ջրատարներով անընդհատ ջուր էին հասցնում հրշեջներին: 
 
Աղբավայրի ամբողջ տարածքում արդեն հողալցման աշխատանքներ են կատարվել ու մի քանի տոննա հող է տեղափոխվել բեռնատարներով:
Այս պահին հրշեջներն ու քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հերթապահություն իրականացնել: 
 
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները, Երևանի հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ հրշեջ-փրկարարների հետ, վաղ առավոտից շարունակում էին Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքները։

Կարելի է ասել՝ ամբողջությամբ մարել են, որոշ թաքնված կրակի օջախներ էլ իրենց հսկողության տակ են վերցրել, իսկ աղբավայրի՝ հրշեջների կողմից մարած հատվածներում մի քանի օր է, որ ԵԱՍՄ-ի աշխատակիցները բեռնատարներով հողալցման աշխատանքներ են իրականացնում։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աշխատանքները դժվարանում են թե՛ քամու, թե՛ հոտի պատճառով, և այս մի քանի օրերի ընթացքում Երևանի «1-03» շտապօգնության բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացած մի քանի հրշեջ-փրկարարի և «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների, այդ թվում՝ բեռնատար վարորդների։

Աշխատանքներին օնլայն հետևել էր Երևանի քաղաքապետը, ով այնուհետև մի քանի հանձնարարականներ էր տվել կրակի առաջին իսկ օրվանից աղբավայրում քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարող քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բեռնատարի ամեն վարորդ 1 օրում մոտ 30-35 մեքենա հող է տեղափոխել աղբավայր։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր