211652_close_icon

Ահազանգ՝ Մասիսից. բնակիչներն ասում են. «Քաղաքապետի «քթի տակ» երեխաների խաղահրապարակը կամաց-կամաց վերանում է. չգիտենք՝ որ կառույցին դիմենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3328 դիտում article-date 10:24 19-08-2025
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում, որ Մասիսի դպրոցականների փողոցի 6-րդ շենքի բակում եղած խաղահրապարակը կամաց-կամաց վերանում է:
 
Երեկ՝ օգոստոսի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
 
«Քանի ամիս է՝ էս խաղահրապարակը վերածվել է շինհրապարակի: 

Հարևանությամբ անգամ խաղահրապարակի հաշվին շենք են սարքում:
 
Զարմանում ենք, որ այդ ամենը կատարվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աշխատավայրի «քթի տակ»:
 
Մի քանի անգամ ահազանգել ենք Մասիսի քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք: 
 
Մարզպետարան էլ ենք դիմել, նույն վիճակն է՝ քար անտարբերություն: 
 
Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք, երևի խնդրենք միանգամից Կառավարությունում զբաղվեն, թե չէ էդ շինարարությունը անելուց հետո էլ մեր երեխաները խաղահրապարակ չեն ունենալու:
 
Երևի շինարարություն կատարողը լեզու է գտել ինչ-որ մարդկանց հետ, դրա համար էլ չի դադարեցնում շինարարությունը:

Իշխանություններն ասում են՝ երեխաների համար միշտ պիտի ստեղծվեն անվտանգ խաղահրապարակներ, բայց մեզ մոտ ոչ թե ստեղծվում, այլ եղածը կամաց-կամաց վերանում է:
 
Չգիտենք՝ քաղաքապետը տեղյա՞կ է, թե ոչ, դրա պատասխանը միայն ինքը կարող է տալ»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե շենք-շինություններ են կառուցվում, պարտադիր պետք է լինեն ցուցանակներ, պահպանվեն անվտանգության կաննոները, սակայն այս դեպքում ոչ նա կա, ոչ էլ նա, կարելի է ասել՝ «շիլաշփոթ» վիճակ: 
 
Իսկ շինարարության վայրում մի տղամարդ նշում էր, որ դա իր սեփական տարածքն է: 

Արդյո՞ք քաղաքապետ Դ. Համբարձումյանը տեղյակ է այդ ամենից, հուսով ենք, որ թե՛ Արարատի մարզպետարանից, թե՛ Մասիսի քաղաքապետարանից կպարզաբանեն, որպեսզի բնակիչներն իմանան՝ իրենց բարձրացրած հարցը կլուծվի՞ թե ոչ, կամ կառուցապատողը օրինական է գործում, թե էլի առաջնորդվում են «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր