2959 դիտում
18:48 21-10-2019
Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի են ունեցել հոգևոր ու մշակութային միջոցառումներ
Ռումինիայի Կոնստանցա քաղաքում հոկտեմբերի 19-20-ը տեղի ունեցան մի շարք հոգևոր ու մշակութային միջոցառումներ:
Ինչպես հայտնեցին Ռումինիայի հայոց թեմի մամլո դիվանից, Կազմակերպիչներն էին Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ծուխը և Ռումինիայի Հայոց Միության Կոնստանցայի մասնաճյուղը՝ օրհնությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 19-ին, շաբաթ օրը, ժամը 17:00-ին: Դեռևս շաբաթներ առաջ Ռումինիայի Խորհրդարանն ընդունեց օրենք, որով հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հռչակվեց Հայ լեզվի, այբուբենի և մշակույթի օր: Այդ առիթով Կոնստանցա քաղաքի Արվեստների թանգարանի գեղեցիկ սրահում տեղի ունեցավ Արսեն Արզումանյանի ,,Հայոց լեզուն առանց ուսուցիչ,, ձեռնարկի շնորհանդեսը: Այն հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին հեղինակի կողմից մշակված յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ մի քանի ամսվա ընթացքում սովորել հայոց հնագույն լեզուն և կարողանալ գրել ու խոսել նման կարճ ժամանակահատվածում:
Միևնույն օրը, ժամը 18:00-ին, նույն սրահում տեղի ունեցավ երեցկին սոպրանո Արմինե Խաչատրյանի մենահամերգը՝ նվագակցությամբ դաշնակահարուհի Կարմեն Ասֆադուրյանի` նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի հանրահայտ ստեղծագործություններից, արիաներ Արմեն Տիգրանյանի ,,Անուշ,, օպերայից, Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված ռոմանսներ:
Միջոցառումների շարքը եզրափակեց տաղանդաշատ դաշնակահար Արամ Նիցան` իր կատարումներով հիացնելով հանդիսատեսին:
Երեկոյին ներկա էին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, Կոնստանցայի Ազգային Գրադարանի տնօրեն Կորինա Ապոստոլեանուն, հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, մամուլի և հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:
Հաջորդ օրը, Հոկտեմբերի 20-ին, ժամը 10:30-ին, Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Ս. Պատարագ՝ ձեռամբ Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մասնակցությամբ Բուխարեստի և Պիտեշտի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի, Կոնստանցայի հոգևոր հովիվ Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանի, բարեշնորհ Հայկ սարկավագ Ազարյանի և դպրաց դասի: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում Ազգային Փոքրամասնությունների խմբի ղեկավար տիար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, մի շարք ծուխերից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ ու հավատացյալ ժողովուդը, այդ թվում` Բուխարեստից, Պիտեշտից, Գալացից, Ռոմանից, Թուլչայից:
Հավարտ պատարագի Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին ու հյուրերին, խոսեց մատաղի խորհրդի և սիրո ճաշի գաղափարի շուրջ` աղոթելով ու մաղթելով, որ Ռումինիայի հայոց եկեղեցիներն ու վանքերը մշտապես բաց լինեն, խորաններին ծառայեն հայ հոգևորականներն ու հնչի հայոց հնագույն պատարագն ու աղոթքը:
Այնուհետև եկեղեցու բարեկարգ ու ընդարձակ պարտեզում կատարվեց մատաղի օրհնություն և օրհնված մատաղը բաժանվեց ներկա հավատավոր բազմությանը:
Միևնույն օրը, հոկտեմբերի 20-ին, ժամը 13:30-ին, Իբիս հյուրանոցային համալիրի ,,Պրեստիժ,, սրահում տեղի ունեցավ սիրո ճաշ: Տաթև Սրբազանի հրավերով սիրո ճաշին ներկա էր նաև Թոմիսի արքեպիսկոպոս գերաշնորհ Թեոդոսիեն:
Իր կատարումներով օրն ավելի հիշարժան դարձրեց Կոնստանցայի ,,Նաիրի,, պարային համույթը:
Վերջում Տաթև Սրբազանն օրհնեց բոլոր ներկաներին` մաղթելով բարի ճանապարհ և ուխտավորաց իղձերի կատարում Բարձրյալի կողմից:
Նմանատիպ նյութեր
938 դիտում
17:27 22-09-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ռումինիայի Կոնստանցա քաղաքում
1299 դիտում
14:39 02-08-2016
Ռումինիայի Տուլչա քաղաքում տեղի են ունեցել հայկական մշակութային միջոցառումներ
2101 դիտում
17:57 17-08-2016
Ռումինիայի Սուչավա քաղաքում հայկական միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
916 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1876 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով