Երևանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը
ՀՀ ոստիկանության կողմից Երեւանում հայտնաբերվել է որոնման մեջ գտնվող Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային:
Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել: Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել:
Այդ իսկ պատճառով ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: