211652_close_icon
views-count2012 դիտում article-date 21:30 27-07-2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կոմիտաս քահանա Զոհրաբյանի: Ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Տ. Կոմիտասը խոսեց Հայրենիքից ստացած նրանց տպավորությունների մասին և հայցեց Նորին Սրբության օրհնությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ուխտավորների այցը Հայրենիք և համայն հայության հոգևոր կենտրոն, իր մասնավոր գնահատանքը փոխանցեց Տ. Կոմիտասին, ում նախաձեռնությամբ հայորդիներն ուխտավորաբար ժամանել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեփրկչական առաքելությանը` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հավելեց, որ Հայ Եկեղեցին դարեր շարունակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ստանձնել է նաև հայապահպանության պատասխանատու գործը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով այսօրինակ ուխտագնացությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաև ասաց, որ դրանք լավագույն ճանապարհներից են հայ ժողովրդի ինքնության գիտակցությունը զորացնելու և ամրացնելու առումով: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը փաստեց, որ Հայրենիք կատարվող ուխտագնացությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի հայորդիները հասակ առնեն որպես Հայրենիքի ու նախնյաց արժանավոր զավակներ և հետնորդներ իրենց հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ կրթության ոլորտում Հայ Եկեղեցու իրականացրած առաքելությանը, Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին: Վերջում իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին` Նորին Սրբությունն աղոթեց, որ Երկնավոր Տիրոջ քաղցր հայացքի ներքո նրանք շարունակեն ապրել` նույն նախանձախնդրությամբ փարված մնալով Հայ Եկեղեցուն ու ազգային կյանքին:

Նմանատիպ նյութեր