2463 դիտում
21:15 19-07-2016
Միասնական լրատվություն՝ մեկ ձայնով խաղարկվում է միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը
Հուլիսի 19-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում մեկնարկեց «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի (ՄՄԼԿ) ծավալումն ու աշխատանքի կազմակերպումը» թեմայով եռօրյա սեմինարը և շտաբային ուսումնավարժությունը: Այն կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը: Սեմինարին մասնակցում էին ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Ներկա էին նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները:
ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիելը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուրախ է ներկա լինել այս միջոցառմանը և հավելեց, որ այն նպատակ ունի ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ զարգացնել Հայաստանի՝ աղետներին արձագանքելու կարողությունները:
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի Նորթ Աթլանթիկի դիվիզիայի ներկայացուցիչ Դյուի Ուոնգը նշեց, որ ԱՄՆ թիմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը: Նա շեշտեց, որ ներկայացվելիք զեկույցներում կքննարկվեն ՄՄԼԿ-ում տարբեր գերատեսչությունների դերերը և անելիքները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդգծեց ԱՄՆ-ի գործընկերների հետ համագործակցության 10 տարիների պատմությունը՝ կարևորելով դրանց արդյունավետ ընթացքը:
- Մեր համագործակցության պատմության բազմաթիվ էջեր, այսպես կոչված, թաթախված են հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցման ամերիկյան փորձի փոխանակմամբ: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը դատապարտված է շարունակականության: ՄՄԼԿ-ի շրջանակներում փոխգործակցությունն ունի 2 տարվա պատմություն: Շատ կաևոր է, հատկապես, թե ինչպես են ԱՄՆ-ում օգտագործում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ): Կարևոր է նաև տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներին սովորեցնել՝ ինչպես հաղորդակցվել հանրության և ԶԼՄ-ների հետ, ինչպես օգտագործել սոցիալական մեդիան և ՏՏ տարբեր նորամուծությունները: ԱՄՆ-ի փորձը մեզ համար շատ ուսանելի է: Երբ վերցնում ես ուրիշի փորձը, և իսկ այս դեպքում աշխարհում լավագույն փորձը, այն մեծապես հարստացնում է քեզ,- եզրափակեց Ն. Գրիգորյանը:
Միջոցառման առաջին օրը հատկացված էր թեմայի վերաբերյալ ԱՄՆ գործընկերների զեկույցներին, որոնցում ներկայացվում էր ամերիկյան փորձը: ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի հանրային կապերի պատասխանատուներ Ջեյ Ֆիլդը և Պատրիկ Մոեսը ներկայացրեցին զեկույցներ հետևյալ թեմաներով.
• միասնական լրատվական կենտրոնի հիմնում,
• խոսնակի հմտություններ,
• սոցիալական մեդիայի կառավարում,
• մամլո հաղորդագրության պատրաստում,
• մամլո ասուլիսի կազմակերպում և անցկացում:
Զեկույցների ավարտին ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ: Ներկաները ամերիկացի փորձագետներին ուղղեցին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր՝ փորձելով օտարերկրյա փորձից քաղել առավելագույն օգտակար դասերը, որոնք կարելի է կիրառել իրենց ոլորտում:
Հուլիսի 20-ին կանցկացվի միջոցառման 2-րդ մասը՝ շտաբային ուսումնավարժություն: Այս փուլում նախատեսվում է երկրաշարժի սցենարով վարժանքի ընթացքում գործարկել աղետների ժամանակ ծավալվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոն (ՄՄԼԿ): Հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` խոսելով «մեկ ձայնով» և կանխելով խուճապի ու ասեկոսեների տարածումը:
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
19:30 09-06-2016
Խաղարկվեց միջգերատեսչական լրատվական կենտրոնը
Այս բաժնից
1300 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ