211652_close_icon
views-count1946 դիտում article-date 17:23 30-06-2016

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ավստրալիայի Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի սաներին

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի սաներին՝ ուսուցիչների և տնօրեն Էդվարդ Դեմիրճյանի գլխավորությամբ: Ճեմարանի սաներն արդեն ճամփորդել են Հայրենիքում, տեսել են Գառնին, Գեղարդը, եղել Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում, այցելել են Մատենադարան, Գաֆեսճյան կենտրոն, Մարտական փառքի թանգարան: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Դուք ձեր տանն եք: Բարով եք եկել Հայաստան: Համոզված եմ, որ այժմ, երբ տեսել ու ճանաչել եք ձեր Հայրենիքը, ծանոթացել հայ ժողովրդի պատմամշակութային արժեքներին, ձեր համայնքում ավելի մեծ եռանդով պիտի լծվեք հայապահպանության գործին, հայկական անուններով պիտի անվանակոչեք և հայեցի դասիարակություն պիտի տաք ձեր զավակներին: Հասկացել եք, որ պետք է հաճախ գալ Հայրենիք՝ հանգստանալու, բարձրագույն ուսում ստանալու, իսկ մի օր նաև՝ հիմնական ապրելու նպատակով: Ձեր բնակության երկրներում դառնալով մրցունակ և կիրթ քաղաքացիներ՝ դուք միշտ կկարողանաք ձեր ներդրումը բերել նաև Հայաստանի հզորացման գործին: Արցախի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ևս մեկ անգամ հասկացավ, որ գործ ունի 10 միլիոն հայության հետ, որ Սփյուռքը Հայաստանի կողքին է»: Անդրադառնալով Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց. «Ձեզ նման շնորհաշատ 12 զույգ հայ մանուկներ և երիտասարդներ Մերձավոր Արևելքի հայ համայնքներից եկան Հայրենիք, իրենց բնակության երկրների հողն ու ջուրը բերեցին, լցրին ու ջրեցին նորատունկ խաղողի որթը, որը Պապն իր հետ տարավ Վատիկան: Մենք ուժեղ և անպարտելի ենք միասին, և Պապի այցելության օրերին հայ ժողովուրդը, որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միակամ, մեկ բռունցք դարձած մասնակցեց բոլոր միջոցառումներին»: Նախարարը բարձր գնահատեց Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի 30-ամյա գործունեությունը՝ ընդգծելով, որ Սփյուռքում գործող յուրաքանչյուր հայկական կրթօջախ հայապահպանության փոքրիկ օազիս է: «Այսօր վարժարանում սովորում է շուրջ 250 աշակերտ: Ուրախ եմ, որ կրթօջախը մասնակցում է Սփյուռքի նախարարության համահայկական և հայապահպանությանն ուղղված ծրագրերին: Համոզված եմ, որ տարեցտարի առավել ակտիվ կընդգրկվեք հատկապես «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին», - նշեց նա: Այնուհետև վարժարանի սաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար, ներկայացրին իրենց տպավորություններն ու զգացողությունները Հայրենիքից, դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին պատմող տեսանյութ և խոստացան կրկին վերադառնալ Հայաստան:

Նմանատիպ նյութեր