Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն
Այսօր՝ սեպտեմների 30-ին, Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն:
1986թ. հիմնադրված կրթօջախն ընդգրկում է մանկապարտեզի, նախակրթարանի, միջին և ավագ դպրոցների բաժինները, որտեղ հայ մանուկներին դասավանդվում է հայոց լեզու, պատմություն և կրոն: Որպես մայրենի լեզու՝ հայերենը դասավանդվում է ճեմարանի բոլոր բաժիններում: Դասավանդումն իրականացվում է երկու փուլով՝ արևմտահայերեն և արևելահայերեն: Ճեմարանում գործում է «Հայերենը՝ որպես երկրորդ լեզու» ծրագիրը՝ նախատեսված հայերենի սահմանափակ իմացությամբ երեխաների համար:
Սիդնեյի հայկական ճեմարանի սաները նախ դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության մասին պատմող տեսանյութ, որից հետո նրանց հետ հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով նույնպես բարձր գնահատեց դպրոցի 28-ամյա գործունեությունը՝ նշելով. «Սփյուռքում նման բարձրակարգ դպրոց պահելն առնվազն հերոսություն է»:
Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ճեմարանի սաները և նրանց ուղեկցող մանկավարժները ներկայացրին և նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեցին կրթօջախի 50-ամյա գործունեության մասին պատմող պատկերագիրք:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հեռավոր մայրցամաքում դպրոցի ծավալած հայապահպան աննախադեպ գործունեությունը: Նա նշեց, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը նշում է իր գործունեության 6-ամյակը և սիրով հրավիրեց ճեմարանի ուսուցիչներին՝ մասնակցելու 6-ամյակի հանդիսությանը:
ՀՀ սփյուռքի նախարարը աշակերտաուսուցչական կազմին նվիրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող անմոռուկ կրծքանշաններ և ընդգծեց. «Ձեզանից ամեն մեկը պետք է ձգտի լինել լավ մարդ, լավ հայ և ստանա լիարժեք կրթությյուն: Որովհետև համաշխարհայնացման այս ժամանակաշրջանում առավել քան անհրաժեշտ է լինել մրցունակ մասնագետներ»: