Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազար դրամ
Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազար դրամ` կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` ներկայացնելով, թե հեղեղի հետևանքով կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ արթիկցիներին կրած վնասի փոխհատուցման համար:
Նշենք, որ ըստ եզրակացության` 12 տուն ճանաչվել է վնասված, անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի համապատասխանաբար՝ 650 հազ. դրամ :
Ըստ Դավիթ Լոքյանի` այսօր քաղաքում բնականոն կյանքը շարունակվում է, հեղեղատը բացված է, դադարել է նկուղներ ջրի ներթափացումը, վերականգնված է քաղաքի գազաֆիկացումը, բացառությամբ մի քանի շենքերի:
ՀՀ վարչապետը կոչ արեց արված աշխատանքների մասին տեղեկացնել հանրությանը:
Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/28/89066/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


