211652_close_icon
views-count1828 դիտում article-date 22:30 14-06-2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Նորին Սրբությունը արդյունավոր գործունեություն մաղթեց նրան ի նպաստ երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերի առավել սերտացման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու պետությունների միջև առկա գործակցությանը` հավելելով, որ դրան նպաստում է նաև Ղազախստանում հայ համայնքի առկայությունը և վերջինիս ակտիվ ներգրավվածությունը երկրի տարբեր ոլորտներում: Նորին Սրբությունը, ի դեմս դեսպանի, նաև իր վշտակցությունը հայտնեց Ղազախստանի ողջ ժողովրդին վերջերս Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց զոհ գնացին անմեղ քաղաքացիներ: Այս առնչությամբ, խոսելով մարդկության առջև ծառացած մարտահրավերների մասին, Նորին Սրբությունը կարևոր նկատեց հոգևոր և քաղաքական առաջնորդների ջանքերի մեկտեղումը` հանուն հոգևոր-բարոյական արժեքների զորացման և խաղաղության հաստատման: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ Ղազախստանում պարբերաբար գումարվող համաշխարհային և ավանդական կրոնների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովների դերակատարությանը` կարևորելով նման համախմբումների անհրաժեշտությունը մարդկության խաղաղ կյանքի կերտման գործում: Դեսպան Թ. Ուրազաևը, խոսելով երկու ժողովուրդների բարեկամության և երկրների գործակցության մասին, ընդգծեց ժողովուրդների միջև հոգևոր, մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը: Ղազախստանի դեսպանը նաև կարևորեց համատեղ քայլերի ձեռնարկումը` ի խնդիր մարդկային կյանքն արատավորող երևույթների կանխարգելման: Այս կապակցությամբ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` համաշխարհային և ավանդական կրոնների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովների կազմակերպման գործում Հայ Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցության համար:

Նմանատիպ նյութեր