211652_close_icon
views-count2629 դիտում article-date 20:00 10-06-2016

Ստորագրվել է ՀՀ մշակույթի և ՉԺՀ մշակույթի նախա­րարու­թյունների միջև առաջիկա տարիների մշակութային համագործակցության ծրա­գիր

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում՝ ս. թ. հունիսի 9-14-ը Հայաստանում անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր: Չինաստանի մշակույթի օրերը Հայաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ: 2009 և 2012 թվականներին՝ մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում ելույթ են ունեցել Ջեձյան նահանգի Հանջոու քաղաքի երգի-պարի թատրոնը, «Հանսեն» ազգային պարի խումբը, ինչպես նաև բացվել է «Մետաքսի ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը: Այս տարի մշակույթի օրերի շրջանակում, հունիսի 10-ին, ՀՀ մշակույթի նախարա­րությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախա­րարու­թյան միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն: Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը նշել է, որ հայ-չինական մշակութային հարաբերությունները բազմամյա պատմություն ունեն, և ներկայում փոխհամագործակցությունը շարունակվում է ամենատարբեր ձևաչափերով. «Չինաստանն այն երկրներից է, որի հետ մշակութային համագործակցությունն ընթանում է հստակ սահմանված ծրագրով և ժամանակացույցով՝ փոխադարձ մշակութային օրերի ամցկացման ձևաչափով: Այս ձևաչափից բացի, համագործակցում ենք նաև տարբեր փառատոների, մրցույթների, գրական-թարգմանական, ցուցահանդեսների, համերգների շրջանակում»: Նախարարը կարևորել է հայ նկարիչների մասնակցությունը Պեկինի բիենալեին, Չինաստանում կազմակերպված՝ մշակույթի ոլորտի կառավարիչների դասընթացներին հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությունն ու դրա արդյունավետությունը, ինչպես նաև վերջերս՝ Հայաստանի ներկայացվածությունը Չինաստանի միջազգային մանկական նկարչական ցուցահանդեսին, որտեղ հայ երեխայի ստեղծագործությունը դարձել է ցուցահանդեսի խորհրդանիշը: ՀՀ մշակույթի նախարարը բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը և այս համատեքստում՝ Կոնֆուցիոսի կենտրոնի առկայությունը Հայաստանում, որը լրջագույն դերակատարություն ունեցավ երկու երկրների միջև մշակութային և կրթական համագործակցության զարգացման համար. «Որպես լրացում Կոնֆուցիոսի կենտրոնի՝ այսօր ունենք չինական դպրոց, ինչպես նաև Գուգուն թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև երկխոսություն, ինչի վկայությունը նշված թանգարանի տնօրենի այցն էր Հայաստան»: Հասմիկ Պողոսյանը նաև կարևորել է սեպտեմբերին Չինաստանում կայանալիք Մեծ մետաքսի ճանապարհի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն իր խոսքում կարևորել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության մշակութային բաղադրիչի առկայությունը: Դեսպանը գոհունակությամբ է ընդգծել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացման փաստը՝ նշելով, որ մշակութային համագործակցությունն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարա­րու­թյան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև ստորագրված փաստաթուղթը բաղկացած է 12 հոդվածից, որի համաձայն համագործակություն կծավալվի թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականութ­յան, ֆիլմարտադ­րության, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Անդրադարձ կկատարվի միջազգային մշակութային միջոցառումներին՝ ներառյալ մրցույթներ, արվեստի փառատոներ և գիտաժողովներ: Ծրագրով նախանշվում է նաև համագործակցություն՝ Մետաքսի ճանա­պարհի թեմայով մշակու­թա­յին միջոցառումների, մշակույթի օրերի, մշակութային ժառանգության պահպանության և մշակութային կոթողների վերականգնման ոլորտ­ներում: 2016 թվականին Հայաստանում անցկացվող Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա հունիսի 11-ին, ժամը 18:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադե­միական թատրոնում. Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը հանդես կգա «Իմ երազանքը» խորագիրը կրող համերգային ծրագրով: Հունիսի 12-ին, ժամը 12:00-ին համույթը նույն ծրագրով հանդես կգա օպերային թատրոնում: Հունիսի 13-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրա­մատիկական թատրոնում ևս կկայանա «Իմ երազանքը» խորագրով համերգը: Նշենք, որ իր տեսակի մեջ եզակի այս խումբը ստեղծվել է 1987 թվականին և յուրաքանչյուր տարի հանդես է գալիս, ավելի քան, 150 ներկայացումով: Համույթը շրջագայել է շուրջ 60 երկրում՝ ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքները՝ Եվրասիա, Ամերիկա, Աֆրիկա: Անվանի կոլեկտիվի խաղացան­կում ընդգրկված են վոկալ և գործիքային կատարումներ, բալետ, լատինական պար, պարային և երաժշտական կոմպոզիցիա: Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ ս. թ. հու­նիսի 11-ին, ժամը 15:00-ին, Հ. Թումանյանի թանգարանում կբացվի Չինաստանի մետաքսի ասեղնագործության մշակույթը ներկայացնող «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. հունիսի 17-ը: Ցուցահանդեսին կներկայացվի շուրջ 40 աշ­խա­տանք: Մետաքսի ասեղնագործության մշակույթը, մասնավորապես՝ Սուչ­ժոու­յան ասեղնագործությունը, չինական ասեղնագործության լավագույն ավանդույթներից է, որը ներառում է հիասքանչ նախշերի և գույների ներդաշնակություն և համարվում է չինական արվեստի գանձարանի գոհար:

Նմանատիպ նյութեր