211652_close_icon
views-count4077 դիտում article-date 22:29 06-06-2016

Խաչատրյանի անվան մրցույթի շնորհիվ աշխարհում 400 երաժիշտ սովորել և կատարում է Խաչատրյանի կոնցերտները

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ , ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն 12-րդ անգամ անցկացնում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Այս տարի առաջին անգամ այն տեղի է ունենում դիրիժորություն անվանակարգում։ Հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին մրցույթի կազմակերպիչները, ժյուրիի անդամները, հյուրերը, ներկայացվեցին մշակութային այս իրադարձության մանրամասները։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նկատեց, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ունի բարձր վարկանիշ։ «Մրցույթը յուրաքանչյուր տարի ոչ միայն իր աշխարհագրությունն է մեծացրել, այլև իր կատարողական վարպետության չափանիշները։ Միջազգային ասպարեզում դիրիժորության մրցույթները քիչ են։ Եվ շատ կարևոր է, որ խաչատրյանական մրցույթը վերջին տարիներին շատ բուռն միջազգային գործունեություն է ծավալում։ Այն սպասված երաժշտական իրադարձություն է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Սա պրոֆեսիոնալ մակարդակի մեր լավագույն միջոցառումներից մեկն է»,- նշեց մշակույթի փոխնախարարը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ 57 դիրիժորներ դիմել են մրցույթին մասնակցելու համար, ընտրվել են 12-ը։ «Շատ դժվար էր ընտրություն կատարելը, քանի որ շատ պրոֆեսիոնալ դիրիժորներ են։ Տարեցտարի նկատելի է մրցույթի նկատմամբ հետաքրքրության աճը»,- նշեց Արմեն Սմբատյանը։ Նա ընդգծեց նաև մի շատ կարևոր հանգամանք. կազմկոմիտեի հաշվարկներով՝ մրցույթի անցկացման տարիներին մոտ 400 երաժիշտ՝ դաշնակահար, ջութակահար, թավջութակահար, սովորել են Խաչատրյանի կոնցերտները և կատարում են ամբողջ աշխարհում։ Արմեն Սմբատյանը ասուլիսում հնչեցրեց նաև մրցույթի ժյուրիի նախագահի անունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյան։ «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն իր խոսքում նշեց, որ 12 տարիների պատմություն ունեցող երաժշտական այս իրադարձության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ 2013 թվականից մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ, և այս տարի խաչատրյանական մրցույթի ավարտից հետո Երևանում կմեկնարկի Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գագաթաժողովը։ Աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների ներկայացուցիչները կժամանեն Հայաստան, կծանոթանան Հայաստանի մշակույթին, կտեսնեն Արամ Խաչատրյանի անվան մրցույթի անցկացման կարգը։ Նա նաև տեղեկացրեց, որ մրցութային օրերի ընթացքում լինելու են բազում միջոցառումներ, մրցութային բոլոր փուլերն անցկացվելու են երեկոյան ժամերին, և յուրաքանչյուր մրցութային օր իր տեսակի մեջ առանձին համերգ է լինելու։ Ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, խոսելով մրցույթի մասնակիցների գնահատման չափանիշների մասին, նշեց, որ առաջին հերթին կգնահատվի դիրիժորական գործի իմացությունը, որքանով է մասնակիցը տիրապետում ստեղծագործությանը, այնուհետև՝ նրա ներքին ունակությունները, մասնակիցը պետք է ունենա ուրույն, միայն իրեն հատուկ արտահայտիչ միջոցները և պետք է իր անհատական ունակությունները կարողանա նվագախմբի առաջ ցուցադրել։ Նշենք, որ մրցույթի ժյուրիի կազմում են՝ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը (Հայաստան), Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), արվեստի կառավարում իրականացնող «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Ֆիլհարմոնիա նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), կոմպոզիտոր, դիրիժոր Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան), դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ)։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գլխավոր գործընկերը՝ ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ [b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր