211652_close_icon
views-count1028 դիտում article-date 10:58 04-06-2016

Միջազգային գիտագործնական համաժողով և սպարտակիադա ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 31-ից հունիսի 4-ը Հայաստանում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի և Վրաստանի հանրապետությունների ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները, որոնք Ոստիկանության կրթահամալիրում մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և միջազգային գիտագործնական համաժողովին: Հյուրերը շրջեցին մայրաքաղաքում, եղան Էջմիածնի մայր տաճարում և Սևանում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին: Մինչ սպարտակիադայի մեկնարկը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, ելույթով հանդես եկավ և ներկաներին ողջույնի խոսք հղեց Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Պատշաճ կերպով հյուրերին դիմավորելուց և միջոցառմանը նախապատրաստվելուց զատ, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը նաև անակնկալ միջոցառումներ էր նախապատրաստել: Բացման արարողությունից անմիջապես հետո կրթահամալիրի տարածքում սաների անմիջական մասնակցությամբ բեմականացվեցին Համբարձման օրը և Վարդավառի տոնակատարությունը խորհրդանշող գեղեցիկ տեսարաններ: Այնուհետև ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին կրթահամալիրի տարածքում գտնվող Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Հետո արդեն մեկնարկեց ՆԳՆ և Ոստիկանության ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադան: Սեղանի թենիս, շախմատ և ծանրաքարի բարձրացում մարզաձևերում մրցում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ինչպես և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը: Առաջնության արդյունքներով սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, երկրորդ տեղում կրթահամալիրի թիմն էր, իսկ երրորդում՝ Վրաստանի ոստիկանները: Շախմատի մրցավեճում առաջինն էր Բելառուսի ՆԳՆ ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, իսկ երրորդում` ՀՀ ոստիկանության կրթահամալիրն էր: Ծանրաքարի բարձրացման մարզաձևում կրկին առաջին տեղը գրավեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, երկրորդում կրթահամալիրն էր, երրորդ տեղը բաժին հասավ Վրաստանի թիմին: Ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի թիմը: Կրթահամալիրը հյուրընկալել էր նաև «Ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին: Համաժողովը ղեկավարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Ելույթներով հանդես եկան Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին նաև ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը, Երևանում Միխայել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի, ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտների, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները: Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների և բարեկամության մթնոլորտում: Հունիսի 3-ին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր