Եթովպիայում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եթովպիայի արտաքին գործերի պետնախարարի հետ
Մայիսի 17-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) Ադիս Աբեբայում հանդիպում է ունեցել Եթովպիայի արտաքին գործերի պետնախարար Թայե Աթսքե Սելասիի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակման ակտիվացումը։ Պետնախարար Թայեն բարձր է գնահատել եթովպահայ համայնքի ներդրումը երկրի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում։
Դեսպան Մելքոնյանը պետնախարարի ուշադրությանն է ներկայացրել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները, 1994թ. զինադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը։