Նոր մանրամասներ. Մխիթարյանը Գերմանիայի Գավաթի եզրափակչից հետո կմեկնի Անգլիա
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2017թ. ամռանը:
Այս պահին Մխիթարյանին ձեռք բերելու մրցավազքում ամենամեծ շանսերը ստացել է Լոնդոնի «Արսենալը»: Լոնդոնյան ակումբը արդեն բանակցություններ է վարում խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ` հայ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու շուրջ: Ավելին, առանձին երկու ակումբներն էլ են իրար հետ բանակցում:
Հայտնի է, որ մանկությունից Մխիթարյանը համակրում է «զինագործներին» և հիանում Վենգերի աշխատանքով: Այս մրցաշրջանի ընթացքում Վենգերը անձամբ է սկսել հետևել Մխիթարյանի խաղին և ակումբի ղեկավարությանը հայտնել խաղացողին ձեռք բերելու անհրաժեշտության մասին: Նշենք, որ ներկայումս Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
«Բորուսիայի» աղբյուրները հաստատել են, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրա համար Լոնդոնում արդեն բնակարան են ճարել: Սպասվում է, որ Անգլիայում խաղալու մեծ ցանկություն ունեցող Հենրիխի տրանսֆերը կարող է կայանալ մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը, հայտնում է [url=http://www.sportfakt.ru/football/60325/]Sportfakt.ru[/url]-ն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գերմանական ակումբում հանդես է գալիս 2013 թվականից: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 51 խաղ է անցկացրել, դարձել 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: