3071 դիտում
20:19 29-08-2016
Արցախի վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հավի մսի և ենթամթերքի շուկայում
Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության քննարկմանն է ներկայացվել ԼՂՀ արտահանման խթանման ռազմավարությունը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը: Այն իրենից ներկայացնում է միջոցառումների համալիր՝ ուղղված արտահանման ներուժ ունեցող ոլորտների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, արտահանման աճին և տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ ժամանակակից պայմաններում ԼՂՀ համար առավել արդյունավետ է արտահանման դիվերսիֆիկացման ռազմավարությունը, որը թույլ կտա ապահովել արտահանման արդյունքների կայունությունը և կանխատեսելիությունը, ավելացնել արժութային մուտքերը, դուրս գալ դեպի նոր շուկաներ:
Վարչապետի խոսքով՝ հիմնավորման մեջ արտահանման ներկա վիճակի նկարագրությունը, մասնավորապես՝ արտահանման ծավալների նվազման հետ կապված, լրացուցիչ ճշգրտման ու պարզաբանման կարիք ունի: Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ՝ հարցը լրացուցիչ կքննարկվի՝ տնտեսագետների հետ արտահանման ներկա վիճակի ավելի խորը ուսումնասիրությունից հետո, իրական ցուցանիշների առկայության պայմաններում:
Նիստի օրակարգում ընդգրկված՝ «Հողի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին»» ԼՂՀ օրենքների նախագծերի, ինչպես նաև ««ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»», ««Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթները և ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը ԱԺ-ի քննարկմանը կներկայացվեն լրացուցիչ քննարկումներից հետո:
Կառավարության հավանությանն է արժանացել ««Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ընդերքի մասին» ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքի նոր նախագիծը: Դրանք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Գործադիր մարմնի անդամների հավանությանն է արժանացել ԼՂՀ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագիրը, որի համաձայն՝ կաթիլային կամ անձրևացման ոռոգման համակարգերի արժեքի 50 տոկոսը հողօգտագործողներին կտրամադրվի անտոկոս փոխառության տեսքով, իսկ արժեքի մնացած 50 տոկոսի չափով աշխատանքները կիրականացվեն հողօգտագործողների կողմից: Ծրագրի նպատակն է ապահովել հանրապետության շրջաններում տարբեր կուլտուրաների ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացումը և նպաստել գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը, ինչը կհանգեցնի ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը : Կառավարության ղեկավարի առաջարկությամբ՝ ընդհանուր արժեքի 50 տոկոսի չափով փոխառության փոխարեն հողօգտագործողներին կտրամադրվի 25 տոկոս փոխառություն, իսկ մնացած 25 տոկոսը կտրամադրվի անհատույց՝ որպես դրամաշնորհ:
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
19:23 17-05-2016
Արցախի վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ծախսերի կրճատման ծրագրեր ներկայացնել
Այս բաժնից
685 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
622 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
865 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)