211652_close_icon
views-count2929 դիտում article-date 16:11 13-05-2016

Ստրասբուրգում ՀՀ ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի ղեկավարներին առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂՀ օմբուդսմենի զեկույցի հիման վրա

Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի, Ժողովրդավարության գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Արման Թաթոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավապաշտպան եւ ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին՝ հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի դաժանություններն ուղղված էին հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ եւ պայմանավորված էին նրանց հանդեպ ունեցած խորը ատելության մղումով: Դա կարեւոր է հատկապես բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Պաշտպան Արման Թաթոյանը, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին փոխանցելով ԼՂՀ օմբուդսմենի զեկույցն ու վերլուծությունները, նրանց է ներկայացրել մանրամասն տվյալներ ս.թ. ապրիլին սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում՝ անկախ սահմաններից կամ քաղաքականությունից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին եւ այլն: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցություն ծավալել այդ հարցերի լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր