Տարկետման իրավունքի վերացմանը, ըստ Ռուբիկ Հակոբյանի, կողմ էր Վազգեն Սարգսյանը, բայց...
Պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի հեղինակած տարկետման իրավունքի վերացման բովանդակությամբ նախագիծ եղել է դեռ 20 տարի առաջ, և այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը միանգամայն կողմ էր այս գաղափարին, սակայն օրինագիծը հետ կանչվեց այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի սպառնալիքից հետո, թե հրաժարական կտա:
Այս մասին Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագծի պատմությունը ներկայացրեց օրենքի համահեղինակ, նախկին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ նրա ներկայացրած վիճակագրության՝ ասպիրանտների 80-90 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ են, այն դեպքում, երբ ասպիրանտուրայից հետո միայն 5-ից 7 տոկոսն է զբաղվում գիտական գործունեությամբ:
«27 տարին լրանալուց հետո նրանք բացարձակապես գիտությամբ չեն զբաղվում և դարձել են կայացած գործարարներ... կողմ ենք, որ գործարարներ դառնան, բայց ոչ գիտության հաշվին»,- հայտարարեց պատգամավորը: