Թուրքիայի հաջորդ վարչապետն ամբողջովին կախված կլինի Էրդողանից. թուրք քաղաքական գործիչ
Թուրքիայի գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հավանական հրաժարականից հետո հաջորդ վարչապետն ամբողջովին կախվածության մեջ է լինելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և վարելու է միմիայն նրա հայացքներին համապատասխան քաղաքականություն, հայտարարել է թուրք քաղաքագետ Հաքան Աքսանը, փոխանցում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Դավութօղլուն կարող է հրաժարական տալ իր պաշտոնին և հենց այսօր էլ հայտարարել այդ մասին: Իսկ Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջիկա օրերին արտահերթ նիստ է անցկացնելու, որի ժամանակ Դավութօղլուի թեկնածությունը չի առաջադրվի կուսակցության ղեկավարի պաշտոնի համար:
Կուսակցության արտահերթ նիստի անցկացման մասին որոշումը կայացվել է երեկ Անկարայում Էրդողանի ու Դավութօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո: