Երևանում կմեկնարկի Հայրենական Մեծ Պատերազմի 71-ամյակին նվիրված «Հիշում եմ, հպարտանում եմ» ամենամյա ակցիան
Մայիսի 1-ին, ժամը 12:00 – ին Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 71-ամյակին նվիրված «Հիշում եմ, հպարտանում եմ» ակցիան:
Ակցիայի կազմակերպիչն է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը, որի համար այս միջոցառումը արդեն ավանդույթ է դարձել:
«Ակցիայի գլխավոր նպատակն է նոր սերունդներին հիշեցնել, թե ով և ինչ գնով է հաղթել անցած դարի ամենասարսափելի պատերազմում:
Մենք հպարտանում ենք մեր պապերի տարած հաղթանակով, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր երիտասարդները տեղեկացված լինեն Հայրենական Մեծ Պատերազմում Հայաստանի ակտիվ մասնակցության և մեր պապերի սխրանքների մասին»,- նշում է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար
Ղումաշյանը:
Ակցիայի շրջանակներում ակտիվիստները Գեորգիևյան ժապավեններ կբաժանեն անցորդներին, ինչպես նաև կփակցնեն «Հիշում եմ, հպարտանում եմ», «Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար» գրությունները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցնող ավտոմեքենաների ապակիներին: Ակցիան անցկացվելու է «Պապիկիս հաղթանակը իմ հաղթանակն է», «Մենք Մեծ հաղթանակի ժառանգներն ենք», «Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար» կարգախոսներով:
Գեորգիևյան ժապավենի գունային երանգները համապատասխանում են «1941-1945 թվականների Հայրենական Մեծ Պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի» մեդալի ժապավենի գույներին։ Հենց դա է պատճառը, որ Գեորգիևյան ժապավենը 21–րդ դարում դարձել է հաղթանակի խորհրդանիշ: