211652_close_icon
views-count3364 դիտում article-date 13:24 28-04-2016

Կառավարությունը ներկայացնում է, թե ինչ է արել և անելու ապրիլի 1-ից 4-ը զոհված 64 զինծառայողների ընտանիքների համար

Կառավարության կողմից նշանակված լիազոր մարմինը կատարել է ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-ից 5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատում, որը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական ու ուսման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին, Միաժամանակ ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ և այլ տվյալներ, որոնք վերաբերել են ապրիլի 1-ից 4-ը զոհված 64 զինծառայողների ընտանիքների՝ Երևանից և 9 մարզերից: Այս ընտանիքներում, ըստ նախարար Արտեմ Ասատրյանի, կա մինչև 18 տարեկան երեխա ունեցող 17 ընտանիք, որոնցից մի մասն էլ ունեն ուսանողներ ու վարկային պարտավորություններ բանկերին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և վիրավոր զինծառայողների սոցիալական վիճակի ուսումնասիրությունը: Հիշեցնենք, որ այս ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության, և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների կարիքների գնահատման համապատասխան մեթոդաբանություն, որով էլ կազմակերպվել են աշխատանքները: Դրանք կազմակերպվել են՝ հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները: Ընտանիքների անդամներից ոմանք ցանկություն են հայտնել զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու: Երեք զոհված զինծառայողների եղբայրներն էլ պարտադիր զինվորական շարքային կազմի ծառայողներ են: Արտեմ Ասատրյանը հաղորդեց, որ մինչ այժմ ընտանիքներին տրամադրվել են դրամական օգնություններ Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի, ինչպես նաև ազգային բարերարների ու մեր հայրենակիցների և տարբեր կազմակերպությունների կողմից: Գործընթացն առավել նպատակային դարձնելու համար Սոցապնախարարությունն առաջարկում է այն դնել համակարգային հիմքերի վրա՝ ընդգրկելով սոցիալական աշխատողի ինստիտուտը: Հիշեցնենք, որ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ-ի կողմից: Իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում է ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ՝ օրենսդրությամբ սահմանված չափերով: Անդրադառնալով աշխարհազորայինների հետ կապված խնդիրներին՝ նախարարը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է շրջանառության մեջ դնել դաշտը կարգավորող օրենքի նախագիծ: Նախարարը հավաստիացրեց, որ վիրավորում ստացած բոլոր զինծառայողներն ու աշխարհազորայինները «բոլորն էլ ստանում են բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատություններում»:

Նմանատիպ նյութեր