211652_close_icon
views-count4706 դիտում article-date 22:40 13-12-2017

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների. ՊՆ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` չորրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի 2018թ.-ի բյուջեի նախագիծը, 2018թ.-ի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ «հիմադրամի դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2018 թվականի բյուջեն, որով նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, ևս 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, և շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։ Հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են 5.27 միլիարդ դրամ՝ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները, կատարվել է շուրջ 360 միլիոն դրամի հատուցում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: 2017թ.-ի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով: Հիմնադրամի www.1000plus.am կայքի միջոցով կարելի է տեսնել կատարված թե՛ պարտադիր վճարումները և թե՛ նվիրաբերությունները: Յուրաքանչյուր պահի կարելի է տեսնել նաև Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը: 2017թ.-ի հունվարի 1-ից առ այսօր Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 6 զինծառայողների: Ընդհանուր առմամբ` այս պահի դրությամբ կատարվել է ավելի քան 360 միլիոն դրամի հատուցում:

Նմանատիպ նյութեր